News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 13-ին Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող եւ հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. «Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված եւ անհատի քաղաքացիական պարտքի գաղափարն առաջ քաշող նրա ստեղծագործությունները՝ «Սամվելը», «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» եւ այլն: Խորը եւ համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջեւ ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն եւ պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝  գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը»:

Դեսպան Մանուկյանը կարեւորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում եւ իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, եւ մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:

Բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադեւոսովը եւ գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի եւ հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ