News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում, այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի եւ պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը:

Բացմանը ներկա էին նրանց ընտանիքների անդամները, հյուրեր, այդ թվում նաեւ՝ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Ստեփան Պողոսյանի դուստրը:

Հյուրերը շրջեցին տեսախցիկներով եւ տեսամոնտաժման համար նախատեսված  սարքավորումներով հագեցած նորաբաց ստուդիայում ու լսարանում:  Ի դեպ, Ստեփան Պողոսյանի ընտանիքը բուհին է նվիրել նրա հեղինակած գրքերը. լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, ուր ուսանողները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:

«Ստեփան Պողոսյան՝ ժողովրդի տանգնապներն ու ցավերն իր մեջ ամբարած մարդ, որ եկել է գիտությունից: Այդ փորձառությամբ իմաստնացած՝ մշակույթի եւ պատմության մեծ գիտակը անջնջելի հետք թողեց. նրա անունը ոսկե տառերով է գրված հայկական հեռուտատեսության պատմության մեջ»,-ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը եւ հավելեց՝ Ստեփան Պողոսյանը եւ Արմեն Հովհաննիսյանն այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր  հաջողությունների են հասել ոչ միայն իրենց բնագավառներում, այլեւ կերտել են ամբողջական համակարգեր:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար միջոցառումը հուզիչ էր եւ անսպասելի, քանի որ Մանկավարժական համալսարանը գնահատեց եւ ստեղծեց այնպիսի պրակտիկ անկյուններ, որտեղ մշտապես վառ կմնան երկու մեծանուն անհատների անունները:

Մշակույթի նախարարի համար հաճելի զարմանք էր նաեւ բարերարների՝ ազգային արժեքները գնահատելու հանգամանքը. «Նրանց շնորհիվ կդաստիարակվեն այնպիսի սերունդներ, որոնց մասին մենք երազում ենք»:

Միջոցառման ավարտին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հասմիկ Պողոսյանին եւ ստուդիայի հիմնադրմանն աջակցած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգեւ՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր:

Տպել
Ամենաշատ