News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության  ցանկացած փորձ ամենավտանգավոր հետեւանքները կունենա եւ Թուրքիային կկանգնեցնի լուրջ մարտահրավերի առաջ` ողջ քրիստոնյա աշխարհում:   Այս մասին հայտնել է Հունաստանի մշակույթի նախարար Պանոս Պանայոտոպուլոսը: 

«Դա միանգամայն անընդունելի է. համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող հուշարձանները պետք է հասանելի լինեն բոլորին` առանց բացառության, անկախ նրանց կրոնական պատկանելությունից», - նշել է նախարարն իր ուղերձում, որը մեջբերում է «Ալ Ջազիրան»:

Պանայոտոպուլոսի հայտարարությունը հետեւել է հունական մամուլում հայտնված` Ստամբուլում Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու թուրք կառավարության մտադրության վերաբերյալ տեղեկատվությանը: XV դարում` Օտոմանյան կայսրության օրոք, քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարն արդեն մզկիթի էր վերածվել: Սակայն դարեր անց`1935 թ.  «թուրք ազգի հայր» Քեմալ Աթաթուրքը Այա Սոֆիան թանգարանի վերածելու որոշում էր կայացրել, որը հասանելի կլիներ եւ թուրքերին, եւ արտասահմանյան զբոսաշրջիկներին: 

Հույն նախարարը կարծում է, որ «եթե Սուրբ Սոֆիան նույնիսկ վերածվի սրբավայրի, ապա բացառապես` ուղղափառ եկեղեցու», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս բազմաթիվ հունական եւ եվրոպական կազակերպություններ դիմում են Եվրախորհրդարան` պահանջելով Անկարային նման գաղափարից մեկընդմիշտ հրաժարվելու վերաբերյալ հրաման արձակել:

Չնայած որ Այա Սոֆիան Թուրքիայի իրավասության ներքո է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության համար Այա Սոֆիան մզկիթի վերածելու ծրագիրը հղի է բազմաթիվ դժվարություններով` հաշվի առնելով ինչպես երկրի ներսում տնտեսական խնդիրները, այնպես էլ եվրոպական պետությունների հետ առեւտրային լարված հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ