News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է 10 բեմադրիչների անունները, որոնց դեռ նկարահանման փուլում գտնվող ֆիլմերը կներառվեն այս տարվա մայիսին կայանալիք Կաննի միջազգային փառատոնի L’Atelier 2014 ծրագրում։  Ծրագիրը մասնակից ֆիլմերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին հնարավորություն է տալիս հանդիպելու կինոարտադրանքի դիստրիբուցիայով զբաղվող հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տարբեր պրոդյուսերների հետ` քննարկելու ֆիլմերի հետագա ֆինանսավորման աղբյուրներն ու հնարավոր տարբերակները։  

Հայաստանը 2014-ին առաջին անգամ այս  ծրագրի շրջանակում կներկայանա ֆրանսաբնակ  հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Territoria ֆիլմի թրեյլերով: Լիամետրաժ խաղարկային ֆիլմը երեք երկրների` ֆրանսիական, հայկական եւ գերմանական  համարտադրություն է: Նկարահանումներն ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել Արցախում: Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ապագա ֆիլմը սպասումի մասին է:

NEWS.am-ի լրագրողը զրուցել է ֆիլմի հայկական կողմի պրոդյուսեր Ջեֆ Գալուստյանի հետ:

Ի՞նչ կարող է տալ այս ֆիլմին Կաննի L’Atelier ծրագրում ներգրավվելը:

Այս ծրագրին մասնակցությունը մեր ֆիլմի համար մի քանի առումներով  դրական ազդեցություն կունենա. նախ մինչեւ նկարահանման պրոցես մտնելը սա մեր վերջին փուլը կլինի, որտեղ գուցե ֆինանսական մի քանի հարցեր լուծվեն եւ բացի դրանից եթե Կաննը L’Atelier ծրագրի համար որեւէ ֆիլմի նախագիծ է ընտրում, ապա 90 տոկոս հավանականություն կա, որ հաջորդ տարի արդեն պատրաստի ֆիլմը հնարավորություն կունենա մասնակցելու այդ փառատոնի  արդեն մրցութային ծրագրին: Սա արդեն շատ լուրջ ձեռքբերում է, որովհետեւ մինչեւ այժմ հայկական արտադրության որեւէ ֆիլմ իսկապես Կաննի փառատոնին դեռ չի մասնակցել:

Բայց շատ ենք լսել,  որ  հայաստանյան արտադրության այս կամ այն ֆիլմը մասնակցեց Կաննի  այսինչ ծրագրին…

Օրինակ, Ազգային կինոկենտրոնը շատ անգամ է հայտարարել, որ իր նկարահանած ֆիլմերը մասնակցել են ….Իհարկե, լավ կլիներ, որ նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են այդ փառատոնին, ասեին ճշմարտությունը…

Իսկ ո՞րն է ճշմարտությունը:

Ճշմարտությունն այն է, որ ցանկացած կինոարտադրող կամ ռեժիսոր այդ փառատոնի շրջանակում կարող է գումար վճարել եւ մասնավոր ցուցասրահում` մրցույթից դուրս ներկայացնել իր ֆիլմը, ինչն էլ հայտարարողներն անում են: Դա սուտ է: Անցյալ տարի իմ կինն էլ` Մարիա Սահակյանը, վճարովի հիմունքներով ցուցադրեց իր ֆիլմը, որը բուն կինոփառատոնի հետ ոչ մի կապ չուներ:  Territoria-ն  առաջին հայկական ֆիլմը կլինի, որ իրապես կմասնակցի Կաննի կինոփառատոնին:

Ի՞նչ կապ ունի ֆիլմն Արցախի հետ:

Նախ ամբողջությամբ նկարահանվելու է այնտեղ, ֆիլմի իրադարձությունները նկարագրում են Արցախի կյանքը, երկու  պատանի հերոսները, ըստ սցենարի, հենց Արցախի բնակիչներ են: Բացի այդ ֆիլմի ռեժիսորի` Նորայի մեծ հայրն ու մայրն այնտեղից են: Երեւի այս ֆիլմով ինքն ավելի շատ փորձում է հասկանալ իր կապը Արցախի հետ:

Հայկական կողմն ի՞նչ մասնակցություն ունի նկարահանումներին:

Եթե ֆինանսական կողմից նայենք, ոչ մի: Մենք դիմեցինք Ազգային կինոկենտրոն, բայց իրենք համագործակցության ցանկություն չհայտնեցին, ինչը, իհարկե, ցավալի էր:

Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ։

Նվարդ Մանվելյան

Տպել
Ամենաշատ