News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վրաստանում սկանդալ է հասունանում  2005թ. մահացած  Վրաստանի  նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ու Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մարմինների լուսանկարները YouTube –ում  հայտնվելու կապակցությամբ: «Սահակաշվիլին սպանել է Ժվանիային» մակագրությամբ կոլաժը YouTube-ում տեղադրել է ոմն  Հաքիմ Փաշա կեղծանվամբ օգտատերը:

Լուսանկարներում, որոնք հավանաբար արվել են օպերատիվ լուսանկարահանման եւ բժշկական փորձաքննության ընթացքում, կարմիր շրջանակով նշված են Ժվանիայի եւ Յուսուպովի մարմիններին առկա ֆիզիկական վնասվածքները:

Սոցցանցում լուսանկարների հայտնվելը Գլխավոր դատախազությունը հետաքննությանը խանգարելու փորձ է անվանել: Գործը ավարտական փուլում է եւ առաջիկայում արտաշիրմում կկատարվի, քանի որ փորձաքննությունը ոչ լիարժեք է: 

Հանգուցյալ վարչապետի եղբայր, «Վրացական երազանքի» պատգամավոր  Գեորգի Ժվանիան լուսանկարների իսկության հետ կապված  կասկած չունի: Ըստ նրա՝ դրանք քրեական գործից են քաղված: Ժվանիայի եւ Յուսուպովի ընտանիքներն ավելի վաղ հայտարարել էին, որ հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները արմատապես փոխում են իրենց հարազատների մահվան պաշտոնական վարկածը:

Նախորդ տարվա հոկտեմբերին Գեորգի Ժվանիան պնդում էր, որ մահվան հանգամանքները կեղծվել էին Սահակաշվիլիի մարդկանց կողմից: Նա ուղղակիորեն մեղադրել էր նախագահ Սահակաշվիլիին եւ նախկին վարչապետ Իվանե Մերաբաշվիլիին, նախկին դատախազին եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան ինտեգրման նախկին նախարար Գեորգի Բարամիձեին:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախքան կառավարության նիստն սկսելը դեմ է արտահայտվել տվյալ թեմայով «ավելորդ շահարկումներին»: Սակայն նշել է, որ հաշվի առնելով այդ լուսանկարները, կարելի է ասել, որ «վարչապետը վախճանվել է կասկածելի հանգամանքներում»: «Ինձ տեղեկացրել են, որ գլխի հատվածի վնասվածքները եւ արնազեղումը Ժվանիան ստացել էր դեռ կենդանության օրոք», — նշել է վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ համացանցում այդ լուսանկարները հայտնվելուց հետո,  քննությունն էլ ավելի ինտենսիվ կիրականացվի, եւ որ «շատ շուտով հասարակությունը կիմանա ճշմարտությունը»:

Պետք է նշել, որ շատերն են կասկածում, թե այդ գործն իրսկապես կբացահայտվի:

Հիշեցնենք, որ Ժվանիան եւ Յուսուպովը մահացած էին հայտնաբերվել 2005 թ. փետրվարի 3-ի գիշերը՝ Թբիլիսիի Սաբուրտալինի փողոցի վարձու բնակարանում:

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել էր այն ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, նրանք մահացել էին գազից թունավորվելու հետեւանքով:

2012թ . Վրաստանի նոր իշխանությունները վերսկսել էին Ժվանիայի եւ Յուսուպովի մահվան հանգամանքների քննությունը:  Դա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկն էր:

Մամուլ. Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան Սահակաշվիլիի աչքի առաջ է սպանվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ