News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր՝ մարտի 22–ին, տեղի կունենա ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանի  եւ Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի երեւանյան պրեմիերան, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ ֆիլմի սցենարի հեղինակ, ուկրաինացի պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվել է նախագահի շնորհած ՀՀ պետական մրցանակից՝ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման պատճառով։

NEWS.am-ի թղթակիցն այս մասին զրուցել է ֆիլմի՝  ֆրանսիական կողմի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի հետ, որն այս օրերին է Հայաստանում:

Պարոն Ավեդիքյան, «Փարաջանովն» անցյալ տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի փակման ֆիլմն էր, որի ցուցադրությունն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Հաջորդ օրը Դուք արդեն Հայաստանում չէիք: Արձագանքները հասա՞ն Ձեզ:

Այո, հենց հաջորդ օրը վերադարձա, բայց դահլիճը շատ ազդված էր, կարծես ես էլ էի ազդված, բայց հետագա արձագանքերին ծանոթ չեղա, չեմ հետեւել մամուլի արձագանքներին: Երեւի նույն պատմությունն էլ այս տարի կլինի, որովհետեւ վաղը նորից մեկնում եմ: Կարծեմ թե ընդհանուր առմամբ դրական էր մամուլի արձագանքը:

Երեկ ֆիլմը պետական մրցանակի արժանացավ Հայաստանում: Ի՞նչ նշանակություն ունեն նման մրցանակները ձեզ համար:

Այս ստացավ նաեւ դրամական մրցանակ, որը չգիտեմ՝ ինչքան է… Ես երեկվա իմ ճառում դիմեցի պարոն նախագահին եւ ընտրող հանձնաժովին, որտեղ կարծեմ ինը մարդ էր ընդգրկված, եւ ասացի, որ եթե մրցանակի են արժանացրել այս ֆիլմը, ուրեմն երեւի կիսում են այն պատասխանատվությունը, որն ունի այդ ֆիլմը ստեղծող արվեստագետը հանդիսատեսի հանդեպ: Խոսել եմ նաեւ արվեստագետի ազատության մասին եւ ասել, որ եթե մրցանակ եք տալիս,  չի նշանակում որ դա ինձ պետք է ճնշի: Հակառակը` պետք է օգնի, որ ես ավելի ազատ ստեղծագործեմ:

Իմ կարծիքով՝ Ֆետիսովան շատ սխալ արեց, որ չեկավ: Կարող էր գալ ու ամբիոնից ասեր այն, ինչ փորձել է հեռվից հեռու փոխանցել: Դե նա նախընտրեց կիսել իր հայրենակիցների դիրքորոշումը։

Ես կարծում եմ, որ արվեստագետն ուղղակի ձեւով կապ չունի դրա հետ…Ճիշտ է նա քաղաքացի է, բայց կարող է իբրեւ արվեստագետ իր խոսքն ասել որտեղ որ է:  Ես գնում եմ Ստամբուլ, ցույց  եմ տալիս իմ պատրաստած  ֆիլմերն ու դեբատի մեջ մտնում հանդիսատեսի հետ, պատասխանում իրենց հարցերին:

Դուք Ֆետիսովայի հետ արդեն խոսե՞լ եք:

Այո: Ես հասկանում եմ իրեն իբրեւ քաղաքացի, բայց եթե իմ սուբյեկտիվ հայացքն եք ուզում իմանալ, արվեստագետը պետք է ավելի բարձր պահի իրեն նման իրավիճակներում:

Ֆետիսովան հայտարարել էր նաեւ, որ այսպես իրեն կպահեր նաեւ Փարաջանովը… Ննա նման իրավունք ունի՞ հայտարարություններ տարածելու նաեւ «Փարաջանովի անունից»:

Դա շատ մեծամիտ, ապուշ նախադասություն է, որովհետեւ եթե ինձ հարց տային, թե Փարաջանովն ինչպես կվարվեր, ես կասեի` չգիտեմ: Իրեն արդարացնելու համար Փարաջանովին է օգտագործում:  Ես միայն հիշում եմ, որ 88-ի նոյեմբերին Փարաջանովն ինձ Փարիզում, իմ տանը իր կոլաժը նվիրելուց մակագրեց հետեւյալը.  «Печальние дни революции…»։

Ֆետիսովան հայտարարել է նաեւ, որ հրաժարվում է պետական մրցանակի գումարային պարգեւատրումից՝ կոչ անելով այդ գումարը հանձնել Հայաստանի մանկատներից մեկին…

Ինձ համար այս բոլորը դերասանություն է…սա ստեղծագործողի դիրքորոշում չէ, այլ ավելի ճիշտ՝ պրոդյուսերի: Ուղղակի օգտագործում է առիթը ու վերջ:

Մամուլում լուրեր են շրջանառվում , որ  Ելենա Ֆետիսովայի Հայաստան չմեկնելու պատճառ կարող է լինել նաև նրա և Ձեր միջև ծագած կոնֆլիկտը.  Ֆետիսովան դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ Դուք ամենուրեք ներկայանքում եք որպես ֆիլմի առանցքային դեմք:

Ուրեմն ասեմ Ձեզ հետեւյալը. այդ ես եմ վիրավորված Ֆետիսովայից, այլ ոչ թե հակառակը, որովհետեւ նա շատ է ցանկանում իրեն հավասար ռեժիսոր տեսնել ինձ հետ, երբեք չի ընդունում,  որ ես եւս աշխատել եմ սցենարի վրա՝ հանդուրժելով, որ իմ անունը չլինի եւ, առհասարակ, ես շատ ավելին եմ արել այս ֆիլմի համար, քան ինքը իբրեւ ռեժիսոր: Ինքն ուզում է հավասարվել ինձ հե՞տ։ Ինքը չի կարող դա անել, եւ խնդրում եմ սա անպայման տպագրել…Թող ի վերջո բոլորն իմանան, որ այդ ես Ֆետիսովայից գոհ չեմ, այլ ոչ թե ինքը…  Իսկ ինքն այդ մասին գիտի: Այդքանը:

Լավ: Ինչո՞վ եք հիմա զբաղված:

Հիմա աշխատում եմ նոր նախագծի  վրա. լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է` «Վերջին ռաունդը Ստամբուլում»:

«Փարաջանով» ֆիլմի բյուջեն կազմել է 1 մլն 980 հազար եվրո:  Ֆիլմն Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի  համատեղ արտադրություն է: Ֆիլմն արդեն ներկայացվել է  15-ից ավելի  հեղինակավոր կինոփառատոներում, իսկ  համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թ. հուլիսին` «Կառլովի Վարի» հեղինակավոր կինոփառատոնում (Չեխիա), որտեղ East of the West հիմնական մրցութային ծրագրում «Փարաջանովը» ներկայացնում էր Ուկրաինան: Օդեսայի միջազգային կինոփառատոնում որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ ստացել է «Ոսկե Դյուկ» մրցանակը:

Նվարդ Մանվելյան

Տպել
Ամենաշատ