News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու եւ տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: Ճարտարի համայնքներում ներկայացվեցին բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը:

Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում եւ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը եւ հացահատիկի մշակումը: Գյուղում գործում են մեկ ավագ, երկու իննամյա եւ մեկ արվեստի դպրոցներ: Վերջերս սկսվել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը: Կառավարության եւ գյուղի բարեգործների ֆինանսավորմամբ ընթանում են ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, ամբողջությամբ կավարտվեն մոտ երեք տարվա ընթացքում: Գյուղի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է շտապ օգնության կայան, ինչպես նաեւ իրագործվել են մի շարք սոցիալական ու շինարարական աշխատանքներ:  

Շեշտադրելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են Ճարտարում՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. առաջին հերթին, ըստ Ա. Հարությունյանի, պետք է մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում գյուղի բարերարների հետ, որպեսզի նրանց ռեսուրսներն ուղղվեն ոչ միայն բարեգործական, այլ նաեւ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Որպես երկրորդ մարտահրավեր, որը վերաբերում է ողջ հանրապետությանը, վարչապետը մատնանշեց աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նշանակալի բարելավում է կատարվելու հուլիսի մեկից:

Ա. Հարությունյանի խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացումը միանշանակորեն ազդեցություն կունենա մասնավոր սեկտորի աշխատավարձերի վրա՝ ուղղակիորեն բարելավելով բնակչության կենսամակարդակը: Գյուղերի զարգացման ճանապարհին նա կարեւորեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի մարդկանց աշխատավարձերի բարձրացումը: Վարչապետն այցելեց Ճարտարում վերջերս բացված՝ Ստեփանակերտի գորգագործարանի մասնաճյուղ՝ ծանոթանալու դրա աշխատանքներին: Նա կարեւորեց այդ ձեռնարկության բացումը գյուղի տնտեսական ակտիվության ապահովման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ