News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի մասնակի ստորագրումը նախադեպ կարող է լինել ԵՄ մյուս գործընկեր երկրների հետ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արեմտյան Անգլիայի Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ ԵՄ-ն ստիպված կլինի վերանայել գործընկերության իր քաղաքականությունը, իսկ թե ինչպես դա կարվի, զգալի չափով կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Բարդություններ միշտ ծագել են տարբեր երկրների՝ մեկ քաղաքական ծրագրում ինտեգրելու հարցում: Մինչ օրս գործընկերության քաղաքականությունը փորձել են իրականացնել երկու գործընթացներով՝ երկկողմ եւ բազմակողմ: Քննադատությունն այն է, որ այդ ամենն, ընդհանուր առմամբ, չափազանց բյուրոկրատական է»,-նշել է Վալցենբախը՝ ընդգծելով, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը բավարար չէր առանձին երկրների նկատմամբ նպատակային քաղաքականության համար:

Փորձագետի ներկայացմամբ՝ ԵՄ-ի համար այս հարցում տարբերակներից մեկը «մեկ չափը հարմար է բոլորին» մոտեցումից հրաժարվելն է եւ ավելի ճկուն լինելը: «Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի գործընկերության քաղաքականությունը ներկայումս վերանայման է ենթարկվում: Գործընթացները զարգանում են տարբեր ուղղություններով: Դա կարող է նույնիսկ նոր բաժանարար գծեր ստեղծել, սակայն միայն այն դեպքում, եթե ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանան ազդեցության ոլորտների գաղափարի եւ աշխարհաքաղաքական շահերի հիմքի վրա»,-կանխատեսել է բրիտանացի քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ եթե Ռուսաստանի հետ աշխատանքային փոխըմբռնում լինի, դա կարող է ԵՄ մնացած գործընկեր երկրների համար մոդել դառնալ: «Եթե ոչ, այդ դեպքում ԵՄ-ն պետք է ավելի խիստ կանոններ մտցնի հարեւան երկրների հետ երկարատեւ ասոցացիայի համար, ինչպիսիք են Հայաստանը կամ Վրաստանը»,-ամփոփել է Վալցենբախը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ի որոշումը՝ Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, հնարավորությունների դուռ է բացում նաեւ Հայաստանի համար: Սակայն, ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ակունքներում կանգնած Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Հայաստանն այլ սերիայից է: Ասոցացման համձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որոնք առկա են տարբեր ոլորտներում: Հիմա, օրինակ, մենք տեսնում ենք, որ հայերը պաշտպանում են Ռուսաստանի քաղաքականությունն ընդդեմ Ուկրաինայի: Այնպես որ, չեմ կարծում, որ նրանք արդեն պատրաստ են մեզ հետ նույն քաղաքական ճամբարում լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ