News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ մեծանուն երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանն արդեն մի քանի տարի մուրացկանի նման ապրում է փողոցներում. Տալյանների հեռավոր ազգական Լեւոն եւ Ալբերտ Ժամհարյանները Ռուզաննայի մորից խաբեությամբ վերցրել են բնակարանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննայի փաստաբան՝ Մելանյա Առուստամյանը, որը մեկ տարի առաջ դիմել է առաջին ատյանի դատարան՝ վերադարձնելու բնակարանը:

«Մեկ տարի առաջ դիմել ենք Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Ռուզաննայի մորը՝ 80-ամյա Լուսյա Տալյանին Ժամհարյանները մեկուսացրել են, անազատության մեջ պահել ու բռնություն գործադրելով ստիպել տունը նվիրել իրենց»,- ասաց նա:

Լուսյա Տալյանը բնակարանի նվիրատվությունն արել է 2007թ.-ին ծանր հիվանդության մեջ, որից հետո 2008 թ.-ին մահացել է: Մինչեւ այդ հիվանդանոցում տիկին Լուսյան հարեւանուհուն ասել է, որ «սրանք ուզում են տունը խլել ինձնից, բայց չեմ տալու, տունը տալու եմ Ռուզաննային»:  Բացի դրանից դեռ 1999թ.-ին Շարա Տալյանի դուստրը կտակ էր կազմել եւ բնակարանը կտակել Ռուզաննային: Այս փաստերը կասկածելի են թվում փաստաբանին, որն էլ այս հարցերը բարձրացրել է դատարանում:

«Դատավորը անընդհատ ծաղրում է մեզ, ճնշում մեր վկաներին, գործին չի տալիս իրավական ընթացք»,- նշեց Մելանյա Առուստամյանը:

Ռուզաննա Բաբաջանյանը, որը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այս պահին գտնվում է ֆրանսահայ բարերարի խնամքի տակ: Նա սպասում է ապրիլի 4-ի դատարանի վճռին:

Նշենք, որ Ռուզաննա Բաբաջանյանի ներկայացուցիչները դատարան են դիմել 1997 թվականին ապրիլի 10-ին եւ 2007 թվականի մարտի 02-ի կնքված նվիրատվության պայմանագրերը եւ դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքների կիրառման եւ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը ետ պահանջելու պահանջներով:

Տպել
Ամենաշատ