News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընթերցողն իրավունք ունի մեկնաբանություններ գրելու, սակայն նա պետք է հասկանա, որ եթե այդ մեկնաբանությունը վիրավորական է, կայքը կարող է հեռացնել այն: Նման կարծիք է հայտնել էստոնական Delfi խոշորագույն լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը:

Նա մեկնաբանությունների խնդրի մասին լսելով չէ, որ գիտի: Տարիներ առաջ պորտալին դատի էին տվել կայքում վիրավորական մեկնաբանության համար: Պորտալը տանուլ էր տվել գործը, ազգային դատավորները համարել էին, որ կազմակերպությունը պատասխանատու է ընթերցողների կողմից թողնվող մեկնաբանությունների բովանդակության համար: ՄԻԵԴ-ը եւս համարել էր, որ կազմակերպությանը ընթերցողների վիրավորական մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկելը խոսքի ազատության խախտում չի համարվում:

«Մենք մեկ մոդերատոր ունեինք, սակայն գործից հետո դրանով չորս մարդ է զբաղվում: Մենք վստահ էինք, որ մի նախադեպը բավական էր, որպեսզի ցանկանային մեզ դատի տալ, սակայն դրանից հետո դեպքեր չեն եղել: Մենք ամեն ամիս 300 հազար մեկնաբանություններ ենք ունենում»,-ընդգծել է նա՝ հայաստանցի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Էստոնիայում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը բարձր մակարդակում է: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում Էստոնիան կիսում է 13 – 18-րդ հորիզնականները: Երկիրը 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում «Press Freedom Index 2013» վարկանիշում:

Չնայած դժվարություններին՝ նա վստահ է, որ ամեն մարդ պետք է իրավունք ունենա գրելու ու մեկնաբանությունները պետք է բաց լինեն: Նա նշում է, որ մեկնաբանությունները հաճախ օգնում են թեմաներ գտնել հոդվածների համար, քանի որ շատերը գրում են կենսական խնդիրների մասին, որոնց հետքերով էլ գնում են լրագրողները: «Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի բոլոր լրատվամիջոցների համար, այդ թվում՝ ձեզ համար Հայաստանում»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայացվել է օրինագիծ, որով նախատեսվում է պտասխանատվություն սահմանել լրատվամիջոցների համար, որոնք հրապարակում են սոցցանցերի ֆեյք-օգտատերերի վիրավորական, զրպարտիչ գրառումներն ու մեկնաբանությունները:

Լրագրողների ուղեւորությունները Էստոնիա կազմակերպել է Հայաստանում ԵՄ կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ