News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգեւոր արժեքների պահպանման ու տարածման գործում:

«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերեւս նաեւ դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլեւ կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգեւոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում: Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, սիրելի արվեստագետներ: Եվ համոզված եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում եւ արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաեւ արժանի սերունդ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ եւ Երեւան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման եւ տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգեւատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին եւ դերասան, ռեժիսոր Լեւոն Իվանյանին: Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ