News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի կլինիկայում արդեն սկսվել է «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանի բուժումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ընկերը՝  Տիգրանը:

Նա նշեց, որ Կարենը գտնվում է հիվանդանոցում, բուժումը սկսվել է, ամեն ինչ նորմալ է: «Գերմանացի բժիշկները որոշել են, որ Կարենին չեն վիրահատելու, պետք է բուժումով ոտքի կանգնեցնեն: Դա ավելի բարդ, երկարատեւ եւ թանկարժեք պրոցես է»,- նշեց ընկերը:  Տիգրանն ասաց, որ նախնական տվյալներով՝ բուժումը կտեւի 3 ամիս եւ կարժենա 80 հազար եվրո, թեեւ թե ժամկետը, թե գումարը կարող են ավելանալ՝ կախված բուժման ընթացքից: Այս պահի դրությամբ Կարենի հաշվեհամարին կա մոտ 62 հազար եվրո,  հետեւաբար՝ դեռ նրա բուժման համար անհրաժեշտ գումարը չի կարելի հավաքված համարել:

Նշենք, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժել են: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը:

Տպել
Ամենաշատ