News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումից հետո ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, չստորագրվեց, Հայաստանը եւ ԵՄ-ը, ինչպես նրանք համատեղ հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում, այնուամենայնիվ, մտադիր են շարունակել համագործակցությունը։ Այս մասին ասվում է մարտի 27-ին հրապարակված ԵՄ հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցում, որը գնահատում է 2013թ. Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում բարեփոխումների ուղիներ:  

Զեկույցում նշվում է, որ 2013թ. շարունակվել է ակտիվ երկխոսությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ. վավերացվել են ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ին։ Ըստ զեկույցի, չնայած Հայաստանը 2013թ. շարունակել է աշխատել մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին առնչվող խնդիրների ուղղությամբ, սակայն դեռ աշխատանք ունի անելու այս ոլորտում, հատկապես օրենքների կիրառության առումով։

Զեկույցի հեղինակները նաեւ անդրադարձ են արել 2013թ. նախագահական ընտրություններին՝ նշելով, որ դրանք ընդհանուր առմամբ լավ կազմակերպված են եղել, թեեւ առկա են եղել մտահոգություններ՝ ընտրական գործընթացի խախտումների հետ կապված։

Ըստ զեկույցի, չնայած շարունակվող բարեփոխումներին՝ երկրում դեռեւս առկա է դատական համակարգի նկատմամբ հանրային մեծ անվստահություն, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, հատկապես դատաիրավական եւ ոստիկանական համակարգերում, համոզիչ չեն։ Բացի դրանից, ահազանգեր կան ոստիկանությունում կալանքի տակ գտնվողների հանդեպ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների վերաբերյալ։

Զեկույցում մի շարք բարեփոխումներ են առաջարկվում Եվրպական հարեւանության քաղաքականության 2014թ. գործողությունների ծրագրի հետեւողական իրականացման վերաբերյալ, կոչ է արվում մեծացնել քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, առաջարկվում են բարեփոխումներ կառավարման, հանրային կառավարման, դատաիրավական եւ իրավապահ համակարգերում, նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ