News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանը այսօր՝ մարտի 28-ին, օգտվեց իրեն անհապաղ դատարանի դահլիճից ազատ արձակելու՝ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդության մասին կարծիք հայտնելու հնարավորությունից եւ դիմեց ողբերգական վթարի եհտեւանքով զոհված երկու երիտասարդների մայրերին (ֆոտոռեպորտաժ

«Անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը։ Մի մտածեք, որ սրանք ուղղակի խոսքեր են, մի մտածեք, որ այդ մարդիկ միջնորդում են ինձ ազատել, խոսքը  չի գնում ընդհանրապես ազատելուն, դա խափանման միջոցին է վերաբերում, ես միեւնույն է, դատվելու եմ: Դիմում եմ մայրերին: Ես հասկանում եմ ձեզ, դուք կարող եք ասել՝ լավ կլիներ, ես ծնված չլինեի, լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես էլ եմ դա մտածել բազմիցս»,- ասաց դերասանը։

Վարդան Պետրոսյանը հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից, իր վիճակը վատ է, եւ որ մեղադրող կողմն այժմ հիմք չունի իրեն կալանավորված պահելու, ապա դիմեց դատարանին՝ հորդորելով իր խափանման մնիջոց կալանքը փոխել։

«Հարգելի դատարան, այսպիսի որոշումների հետեւանքով է, որ հասարակությունում ստեղծվում են խմբեր՝ ի պաշտպանոււթյուն ինձ, որն էլ առաջացնում է տուժող կողմի զայրույթը: Մի արեք այսպիսի բաներ, քանի որ դրանով քաղաքականացնում եք գործը: Բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինձ վերեւից են լռեցնում: Բայց ես այդպես չեմ մտածում»,- ասաց դերասանը։

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ գտնելով կալանքի տակ, ինքը հնարավորություն չի ունեցել; անձամբ հանդիպելու եւ խոսելու տուժող կողմի հետ. «Դա խափանում էր ոչ թե իմ  ազատությունը,  այլ խափանեց  իմ հանդիպումը: Ես հինգ ամիս չեմ խոսել: Դուք մի հաղորդման ժամանակ ասել եք՝ թող ներողություն խնդրի հեռոստատեսությամբ։ Սիրելի մայրեր, տասը հեռուստատեսություն կա այստեղ, կարծում եք՝ ես կվախենա՞մ, կամաչե՞մ ձեզանից ներողություն խնդրել։ Ես ամբողջ կյանքում ձեզանից ներողություն եմ հայցելու, ես հայր եմ, պատկերացնում եմ ձեր ցավը, ես մոռացել եմ՝ իմ հասցեին ինչ եք ասել, ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայրը։ Թույլ տվեք՝ գամ ծնկի գամ ձեր առջեւ ու ներում խնդրեմ»։

Վարդան Պետրոսյանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տա, մոտենալ տուժող կողմին ու  ծնկի գալով՝ ներում հայցել, բայց  դատարանը թույլ չտվեց, ինչին դերասանը արձագանքեց. «Տեսեք, որտեղ բարոյական քայլ եմ ուզում անել, օրենքն է ինձ խանգարում»։

Դատավորն անընդհատ ընդմիջում էր դերասանի խոսքով՝ հիշեցնելով, որ նա ընդամենը կարծիք պետք է հայտնի իր փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ, եւ չշեղվի թեմայից։

Վթարի հետեւանքով զոհված Էդգար Հակոբյանի մայրը ամբողջ ժամանակ լուռ լսում էր, միայն մի անգամ ընդհատեց՝ ասելով. «Երանի իմ տղեն էլ կալանավորված լիներ»։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը։ Ընդմիջմանը Աննա Կարապետյանը NEWS.am-ին ասաց, որ իր վրա ոչ մի ազդեցութուն չեն թողել Վարդան Պետրոսյանի խոսքերը. «Ինքը հինգ ամիս ժամանակ ուներ դա մեզ ասելու։ Դրա համար տարբեր ձեւեր կան։ Ինքը նորից իրան զգում էր բեմի վրա։ Ավելի լավ էր՝ ես իրան չտեսնեի»։

Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ ինքն այդպես էլ չհասկացավ՝ ներողություն խնդրեց Վարդան Պետրոսյանը, թե ոչ. «Ես կարծում եմ, որ դահլիճում չկա մեկը, որը լսեց այդ ներողությունը»։ Նրա կործիքով՝ դատավորը պետք է չբավարարի միջնորդությունը։

Տուժող կողմից Արթուր եւ Հայկ Հակոբյանները, որոնք դատական նիստից առաջ վատացել էին ու տեղափոխվել հիվանդանոց, NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, արդեն բուժօգնություն են ստացել ու վերադարձել դատարան։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ