News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրությանը «Ֆեյքերի մասին» անվանումով հայտնի օրինագծի նպատակը դաշտը կարգավորելն է, որի վերաբերյալ միջազգային պրակտիկայում գործում են մի քանի մոդելներ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, այդ օրինագծի շուրջ լսումների ժամանակ նշեց օրինագծի հեղինակներից ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Մեկնաբանությունների հետ կապված միջազգային պրակտիկայում կա 4 հիմնական մոդել. խիստ վերահսկողություն, որով պետք է զբաղվի լրատվամիջոցը։ Բնականաբար այս դեպքում պատասխանատվություն գոյություն ունի, եթե անգամ բողոք չկա։

Երկրորդը «ծանուցել եւ հանել» սկզբունքն է, որն ընկած է մեր առաջարկած օրինագծում։ Այս դեպքում լրատվամիջոցը տեղեկացված չէ թե ինչ մեկնաբանություններ են տեղ գտել իրենց ռեսուրսում, իսկ տեղեկանալաուց հետո պետք է հանեն զրպարտչական մեկնաբանությունները»,-ասաց նա։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ զրպարտված անձը կարող է պահանջել նույնականացնել, թե ով է զրպարչական մեկնաբանության հեղինակը, կամ պահանջել հեռացնել մեկնաբանությունը, եթե կարողանում է ապացուցել, որ այն զրպարտչական է։

«Մյուս մոդելն այն է, որ մեկնաբանությունները կարող են հեռացվել միայն դատարանի որոշումից հետո, մինչ այդ լրատվամիջոցը կարող է չհեռացնել որեւէ մեկնաբանություն։

«Արթիքլ 19» հայտնի կազմակերպությունն առաջ է քաշում այլ մոդել. ոչ թե «ծանուցել եւ հանել», այլ «ծանութել եւ նորից ծանուցել»։ «Արթիքլ 19»-ը առաջարկում է նախ դիմել մեկնաբանություն գրողին, որը կարող է հեռացնել իր գրառումը կամ պնդել այն, ու այդ դեպքում անձը կարող է դատի տալ ոչ թե լրատվամիջոցին, այլ մեկնաբանություն գրողին։ Այդ դեպքում պիտի նույնականացվի մեկնաբանություն գրողը։ Եթե մեկնաբանություն գրողը չի արձագանքում, լրատվամիջոցը կարող է ջնջել այն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը հայաստանյան պրակտիկայից հիշեցրեց «փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործը, որի դեպքում դատարանը որոշել է, որ փաստաբանը նախքան դատարան դիմելը չի տեղեկացրել լրատվամիջոցին, որ առկա է զրպարտչական մեկնաբանություն։

Անդրադառնալով այն դեպքին, երբ մեկնաբանություն գրողն անհայտ է, Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս գործող օրենսդրությամբ եւս սահմանվում է, որ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին, կամ աղբյուրը հայտնի չէ, ապա զրպարտության պատասխանատվությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը։ «Նոր օրինագիծն այս առումով ոչինչ չի փոխել, որեւէ նոր բան չի սահմանել։ Միայն մի նորմ է առաջարկվել, որ կարող են դատի տալ լրատվամիջոցին, եթե հնարավոր չի եղել գտնել բավարար տվյալներ մեկնաբանության հեղինակի մասին»,-ընդգծեց օրինագծի համահեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ