News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս երկրում թիվ մեկ խնդիրը մեկնաբանություններում մարդկանց զրպարտությամբ զբաղվե՞լն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում, «Ֆեյքերի մասին» անվանումով հայտնի օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը։

«Կամ ո՞ւմ ենք պաշտպանում, հայտնի մարդկանց, որոնց մասին ինչ ասես գրում են։ Դա ամբողջ աշխարհում հայտնի լինելու գինն է, որ կարող են նրանց մասին գրել»,-կարծիք հայտնեց նա ու հավելեց. «Հատկապես մեր դատարանների պարագայում, սա լրատվամիջոցներին ճնշելու գործիք է լինելու։ Բրիտանիան աշխարհի ամենաարդար դատական համակարգն ունի ու այնտեղ այդ կարգավորումները կարող են գործել, իսկ մեզ մոտ սա ժողովրդավարությունը, ազատ խոսքը, ընդդիմադիր լրատվամիջոցները խեղդելու զենք են լինելու։ Դա են վկայում մեր «բարեկամ» երկրներ Զիմբաբվեն ու Սուդանը»։

Գյումրիի ժուռնալիստների միության նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ կարծիք հայտնեց, որ գործող օրենսդրությունը բավարար կերպով կարգավորում են զրպարտության եւ վիրավորանքի հանգամանքը։

«Այս նախագծի մոտիվացիայի դեպքում նկատեցի, որ հեղինակները փորձել են կարգավորել բամբասանքի ոլորտը։ Մարդկությանը դեռ չի հաջողվել այն կարգավորել։ Բամբասանքը չի կարգավորվում, դա անհնար է։

Ասենք այս օրինագիծն ընդունվում է. մարդը նույն անձի անունով 30 պրոֆիլ է ստեղծվում եւ սկսում է ինքնազրպարտչական նյութեր տեղադրել, որոնք կտարածվեն»,-կարծիք հայտնեց Բարսեղյանը։

Նա հումորով ներկայացրեց «բամբասանքի շենքի» սխեման՝ հավելելով. «Առաջարկում եմ շենքը կլոր կառուցել, որ անկյուններ չլինեն, որտեղից բամբասանքն է տարածվում»,-ամփոփեց նա, որին հետեւեցին ներկաների բուռն ծափահարությունները։

Նշենք, որ խնդրահարույց օրինագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը: Նախագիծը հարուցել էր օգտատերերի եւ մամուլի փորձագետների բուռն դժգոհությունը, եւ խորհրդարանը այսօր լսումներ է գումարել:

Տպել
Ամենաշատ