News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին Քեսաբի հայերին, որոնք ապաստան են գտել Լաթաքիայում, առաջին հերթին պետք է դրամական միջոցներ հատկացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ով նախօրեին է վերադարձել Լաթաքիայից:

Նրա խոսքով՝ Քեսաբի իրադարձությունները միավորել են հայերին: «Հույս ունեմ, որ մենք կփրկենք Քեսաբը, եւ այդ շրջանի հայերի տեղահանության նոր պատմություն չի ունենա»,-ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ մարդիկ երազում են վերադառնալ իրենց տները Քեսաբում:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նույնպես օրերս եղել է Լաթաքիայում, փոխանցել է այն, ինչ պատմել են սիրահայերը. մարտի 21-ին, գիշերը 03.30-ին, նրանց հերթապահները նկատել են, թե ինչպես թուրք սահմանապահները նահանջել են՝ գրոհայինների համար ճանապարհ բացելով դեպի Սիրիա: Պատգամավորի խոսքով՝ փախստականները վստահեցրել են, որ գրոհայինները չէին կարող գրավել Քեսաբը, եթե թուրքերը չաջակցեին նրանց:

«Մոտ 320 հայ ընտանիքների, որոնք ապաստան են գտել Լաթաքիայում, օգնություն է տրամադրվում՝ մթերքների ու առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Նրանք սպասում են, թե երբ է Սիրիայի կառավական բանակը վերադարձնելու շրջանը, որ վերադառնան»,-ընդգծել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ մի շարք հայ խորհրդարանականներ մեկնել էին ՍԻրիա, որ տեղում ծանոթանան հայաբնակ Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարությանն ու Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել էին Լաթաքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ