Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա: Այս մասին նշված է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. տարեկան զեկույցի ՏՄՊՊՀ-ին վերաբերող հատվածում:
Զեկույցում արձանագրվել են թե թերությունները, թե ձեռքբերումները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետեւանքով միեւնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը:
• Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որեւէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:
• Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության եւ ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել:
• Իրական եւ լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը:
• Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որեւէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առեւտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ:
• Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
• 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ եւ վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ:
• Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր:
• Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության եւ հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:



























