News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի թոշակառու Էդվարդ Հախվերդյանը պահանջում է, որ կառավարությունը կատարի իր պոզիտիվ պարտականությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում 1988 թ. հոկտեմբերի 27-ին ընդունված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար բժշկական ծառայություններն անվճար են՝ պետությունը պետք է հոգա բուժհաստատությունների կրած ծախսերը: Այս օրենքի շրջանակներում պետության հոգածությամբ բազմաթիվ ԶՈՒ թոշակառուներ եւ ԶՈՒ ծառայողների ընտանիքի անդամներ ստացել են բուժսպասարկում, միայն 2013 թ. ընթացքում նրանց թիվը կազմել է 897 հոգի:

2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 2082-Ա հրամանով որոշակի սահմանափակումներ դրվեցին զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների առողջության վերականգնման որոշակի ծառայությունների փոխհատուցման հարցում: Սահմանվեցին վիրահատությունների որոշակի տեսակներ, որոնց համար պետության կողմից այլեւս փոխհատուցում չպետք է տրամադրվեր:

Հենց այս ենթաօրենսդրական ակտի հիման վրա՝ ՀՀ առողջապահության եւ պաշտպանության նախարարությունները հրաժարվում են փոխհատուցել ՀՀ ԶՈՒ թոշակառու եւ ԶՈՒ զինծառայողի ընտանիքի անդամ Էդվարդ Հախվերդյանի վիրահատության ծախսերը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտի վիրահատության էր ենթարկվել Մխիթար Սեբաստացու անվան պետական բժշկական համալսարանում: Համալսարանը, իր կրած ծախսերի (1,860,000 դրամ) դիմաց փոխհատուցում չստանալով, 2012 թ. հունիսի 13-ին Է. Հախվերդյանի դեմ հայցադիմում է ներկայացնում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան վնասի փոխհատուցման պահանջով:

Է. Հախվերդյանը, ՀՀ ՊՆ եւ ԱՆ ուղարկված դիմումներին ստանալով նույնանման պատասխաններ, որոնցում հղում էր արվում ՀՀ առողջապահության նախարարի հիշատակված հրամանին, 2013 թ. մարտի 7-ին ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ առողջապահության նախարարության ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը չնախատեսելու եւ չապահովելու մասերով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության թիվ 318-Ն եւ ՀՀ ԱՆ թիվ 2082-Ա (մասնակի) որոշումները:

Այս հայցադիմումի վարույթ ընդունումը ՀՀ վարչական դատարանի կողմից մերժվեց, վերադասության կարգով բողոքարկումը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ բոլոր ատյաններում բողոքը մերժվեց:

Հիմք ընդունելով 2013 թ. հուլիսի 25-ի ՀՀ կառավարության որոշումը, որով սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների դիմաց բոլոր ծախսերի փոխհատուցման համար պետությունն է երաշխավորում ՝ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Է. Հախվերդյանը եւս մեկ անգամ ՀՀ պաշտպանության նախարարությանը դիմումով խնդրել է վերացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գ. Թեփելյանի մերժումը եւ փոխհատուցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրած ծախսերը:

Այս գրությանն ի պատասխան կրկին ստացվել է բացասական պատասխան, որում մասնավորապես նշվում է, որ արտագերատեսչական բուժհաստատություններում մատուցված ծառայությունների արժեքի փոխհատուցման լիազորություն ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահված չէ: Գրության մեջ միաժամանակ նաեւ հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան թույլտվություն առկայության դեպքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը հնարավորություն կունենա սրտի վիրահատությունների գնման պայմանագրեր կնքել, դիմումատուի վիրահատության ծախսերի դիմաց, որպես օժանդակություն, կիրականացվի փոխհատուցում համապատասխան ծրագրով սահմանված չափով:

Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը իր որոշումներով խտրական վերաբերմունք է դրսեւորում Է. Հախվերդյանի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով չփոխհատուցելով նրա առողջության վերականգնման համար բուժհաստատության կրած ծախսերը: Պետությունը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը՝ այդպիսով Է. Հախվերդյանին հնարավորություն չտալով իրացնել օրենքով իրեն տրված իրավունքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը՝ որպես Է. Հախվերդյանի ներկյացուցիչ, ՀՀ կառավարություն 2014 թ. մարտի 26-ին դիմում է ներկայացրել խնդրանքով՝ ընդունել բարենպաստ վարչական ակտ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կրած ծախսը փոխհատուցելու մասին:

Տպել
Ամենաշատ