News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին նաեւ Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Թեւան Պողոսյանը, Արման Սահակյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Օրակարգում որպես հրատապ խնդիր առաջինը քննարկվեց Քեսաբում վերջին օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցը:

ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Թեւան Պողոսյանը նիստի մասնակիցներին ներկայացրին Սիրիայում իրենց կատարած փաստահավաք գործունեության մանրամասները, Քեսաբում ստեղծված իրավիճակը եւ դրա հնարավոր զարգացումները: Նշվեց, որ  ՀՀ ԱԳՆ եւ դիվանագիտական կառույցների կողմից այս ուղղությամբ պատշաճ աշխատանքներ են տարվում:

Կարեւորվեց խնդրի առնչությամբ հայկական տեղեկատվական դաշտում օբյեկտիվ տեղեկության տարածումը եւ հակամարտության կողմերի կողմնակալ դիրքորոշումները ներկայացնելուց խուսափելը: Քեսաբն ունի բնակչության մոնոէթնիկ կազմ եւ հիմնականում բնակեցված է հայերով: Այս պարագայում Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները մարդու իրավունքների զանգվածային խախտման վառ օրինակ են եւ ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերը եւս պետք է աջակցություն ցուցաբերեն:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ հավաստի տեղեկություններ ձեռք բերելու եւ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Պետք է առավելագույնս հաշվի առնել սիրիահայերի ցանկությունները: Քեսաբահայերի՝ Հայաստան վերադառնալու պարագայում ՀՀ իշխանությունների կողմից կձեռնարկվեն միջոցներ նրանց օգնելու նպատակով:

Ի գիտություն նշվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամը հատուկ կոչով է հանդես եկել եւ քեսաբահայերի օգնության նպատակով դրամահավաք է սկսել:

Տպել
Ամենաշատ