News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հարցնելու մեղադրանքով հարուցված գործով երկու վկաները խոստովանել են, որ նախաքննական մարմնին եւ նախորդ դատական նիստերին իրենք կեղծ վկայություն են տվել՝ ենթարկվելով քննչական մարմինների ճնշմանը։

Ապրիլի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական հերթական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ավագ լեյտենենանտ Գոռ Մարգարյանն ու զինծառայող Անդրանիկ Թադևոսյանը իրենց նկատմամբ ճնշումների եւ հետապնդումների մասին տեղեկացրել են իրեն՝ դիմելով իր՝ որպես իրավապաշտպանի օգնությանը։

Ռուբեն Մարտիրոսյանը դատարանի դահլիճում կարդաց զինծառայողների գրավոր վկայությունը։

«Դեպքից հետո Կապանի Ռազմական ոստիկանության բաժնում ծեծի, հայհոյանքների, սպառնալիքների և շանտաժի միջոցով ինձ ստիպեցին կեղծ ցուցմունքներ տալ ինձ ենթակա կրտսեր սերժանտ Ա․Միսակյանի և դեպքի պահին մեր կողքի դիրքում ծառայող Ա․ Խաչատրյանի դեմ։ 2014թ․հունվար ամսին ինձ որպես վկա հարցաքննեցին դատարանում։ Այդ ժամանակ ես ազնվորեն հայտարարեցի, որ իմ նախնական ցուցմունքները կեղծ են եղել, որ ես դրանք տվել եմ ճնշման տակ»,- Գոռ Մարգարյանի վկայությունը ընթերցեց Ռուբեն Մարտիրոսյանը։

Գոռ Մարգարյանը նկարագրել է դեպքի օրվա մանրամասները։

«Դրսից լսվեց կրակոցի ձայն, այդ պահին ես արթուն էի, հագուստը հագիս, անմիջապես վեր թռա, գոռացի «տագնապ», «շրջանային պաշտպանության անցնել» , դրանից հետո հագել եմ զրաբաճկոնը, սաղավարտը, վերցրել եմ ինքնաձիգը, մեկ պահեստատուփ և անմիջապես դուրս եկել ննջասենյակից։ Նույն պահին իմ դեմ դուրս եկավ Թովմաս Մնացականյանը, սկսեց ինձ հրել ու գոռալ, ասաց՝ ու՞ր ես գնում, բա որ թուրքը խփի, «տղերք, Մարգարյանին մի թողեք գնա, բա որ թուրքը խփի»։ Դրանից հետո ասաց․ «Սաքոն ընկած ա գետնին, չի շարժվում, գլխից արյուն ա գնում»։ Նշեմ, որ Թովմասն ինձ հրում էր՝ թիկունքով դեպի դեպքի վայրը կանգնած։ Կրակոցից հետո ինձ հագնվելու, զենք-զինամթերք վերցնելու և իմ ննջասենյակից դուրս գալու համար պահանջվեց կես րոպե ժամանակ։ Ես ներքին զգացողություն ունեմ, որ Թովմաս Մնացականյանը ինձ մոտեցավ դեպքի վայրից։ Համոզված եմ, որ եթե կրակոցի պահին Թովմաս Մնացականյանը գտնվեր իր հերթապահության կետում, ապա չէր հասցնի նշված ժամանակահատվածում անցնել միջանցքով, շրջանցել ՛բոչկաները», մոտենալ դիակին, տեսնել,որ Սահակյանի գլխից արյուն է հոսում և մոտենալ իմ ննջասենյակի դռանը»,- գրել էր Գոռ Մարգարյանը։

Փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ Թովմաս Մնացականյանի դեպքի վայրում գտնվելու փաստը չգիտես ինչու դուրս է մնացել նախաքննության ընթացքից։ Մինչդեռ դրա մասին խոսել է նաև դեպքի մյուս ականատեսը՝ Անդրանիկ Թադևոսյանը։

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Գագիկ Մայիլյանը հայտարարեց, որ մերժել է Գոռ Մարգարյանի հայտարարած բռնությունների և սպառնալիքների հիման վրա քրեական գործ հարուցելու հայցը։ Ի դեպ, վկաները վստահեցնում են, որ դատախազ Գագիկ Մայիլյանը նույնպես իրենց ահաբեկողներից մեկն է եղել։

«Եթե կրկին նախաքննական մարմինը հանցագործություն կատարի և վախեցնելով վկաներին, փորձի նրանց կանչել ֆաքսով կամ հեռախոսով, ապա մենք կդիմենք ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև միջազգային մարմինների և կանենք ամեն ինչ, հետևողականորեն, որպեսզի այդ անօրինականությունը կատարած անձը, մարմինը, ղեկավարը քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- վրդովված նշեց Ռուբեն Մարտիրոսյանը, որը մահացած զինվորի հորեղբայրն է։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը տուժողի Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարությունն անհիմն համարեց, հորդորեց դատավորի գործառույթն իր վրա չվերցնել ու դեռևս դատարանի կողմից չհաստատված փաստերը հանցագործություն չհամարել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Սահակյանը 2012թ. նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի առջև իրեն ամրակցված ինքնաձիգով  կատարել է ինքնասպանություն։ Իսկ ինքնասպանության դրդապատճառ է համարվում համածառայողներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի կողմից հալածանքն ու սեռական բնույթի վիրավորանքները Սարգսին՝ ստացված ծանրոցի սնունդը միայնակ ուտելու համար։ Այնինչ մահացածի ծնողները վստահ են, որ դա պարզապես իրական հանցանքը քողարկելու միջոց է և, որ իրականում իրենց որդուն սպանել է բոլորովին այլ մարդ։

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 9-ին։

Տպել
Ամենաշատ