News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ ապրիլի 3-ին, մեկնարկել է ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաների հանդիպումը, որոնք կքննարկեն միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման եւ հակազդման ոլորտներում:

Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ եւ հայաստանյան պատվիրակությունները վերահաստատեցին ահաբեկիչների եւ այլ հանցագործներիկողմից սեւ շուկայում միջուկային նյութերի ձեռքբերմանը հակազդելուն  ուղղված ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Ընդունելով միջուկային նյութերի մաքսանենգության հնարավոր դեպքերին համաձայնեցված, կառավարության բոլոր օղակները ընդգրկող հակազդման կարեւորությունը՝ հանդիպմանը մասնակցեցին  ՀՀ մի շարք նախարարությունների եւ ԱՄՆ կառավարության համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ:

Երեւանյան հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2008թ. հուլիսին ստորագրված ԱՄՆ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:  Կողմերը փոխանակեցին միջուկային նյութերի մաքսանենգության ներկա սպառնալիքների եւ  միտումների վերաբերյալ տեղեկատվություն եւ քննարկեցին միջուկային նյութերի հայտնաբերման, միջուկային դատափորձագիտության, օրինապահ մարմինների հետախուզության եւ այլ բնագավառներում առաջատար փորձը, որն ուղղված է միջուկային նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու հակազդմանը: Այս քննարկումները հարթակ են ապահովում ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցության համար միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հետախուզման եւ դատական հետապնդմանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում:

Հնարավոր վտանգ ներկայացնող միջուկային նյութերի առգրավումը տարածաշրջանում 2010 եւ 2011թթ մեկ անգամ եւս ընդգծեց միջուկային մաքսանենգության բնագավառում համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգությանը ուղղված սպառնալիքներին հակազդելու լավագույն միջոցը համագործակցությունն է: Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկեր կառավարությունների, այդ թվում Հայաստանի կառավարության հետ, միջուկային մաքսանենգության համապարփակ հակազդեցությանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում՝ուշադրություն դարձնելով տեղեկատվության հավաքագրմանը եւ վերլուծությանը, օրենքների կիրառմանը եւ տեխնիկական հարցերում վերադասից աջակցություն ստանալուն, որոնք հաջողությամբ կիրառվել են միջուկային մաքսանենգության ցանցերը հայտնաբերելու եւ այդ դեպքերի մեծ մասում ներգրավված հանցագործներին ձերբակալելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ