News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Բիրմինգհեմի համալսարանի  պրոֆեսոր Ստեֆան Վոլֆի «The Conversation»-ում տպագրված հոդվածը՝ զգալի կրճատումներով.

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ ամրացնել իրենց պաշտպանությունը Բալթյան երկրներում ու Լեհաստանում:

Այս քայլն արտացոլում է Ուկրաինայի համար ռուսական սպառնալիքի պահպանման ընկալումը,  ինչը հստակ նշվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունում: Սա հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով այն, որ Գերմանիան սովորաբար դիտվում է որպես Արեւմուտքում Ռուսաստանի ամենամոտ դաշնակից:

Արեւմուտքի անհանգստությունը եւ արձագանքը արտացոլում են Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների հարցով մտավախությունները: Որոշ բացառություններով, վերլուծաբանների մեծ մասը նաեւ այլ հողերի գրավում են սպասում՝ հիմնվելով այն ենթադրության վրա, թե Պուտինն ու նրա մերձավոր շրջապատը մտադիր են վերականգնել նույնքան մեծ աշխարհագրությամբ ազդեցության գոտի, որը ժամանակին ուներ Խորհրդային Միությունը՝ որքանով դա հնարավոր է: Այս քննարկումների եւ մեկնաբանությունների շատ կետեր ուղղված են Մոլդովային եւ Մերձդնեստրին: Պնդում են, որ  դրանք Մոսկվայի առավել հնարավոր թիրախների ցուցակի առաջին տողերում են:

Սա իմաստալի է շատ առումներով: Մերձդնեստրում 14-րդ բանակի մնացորդների տեսքով  ռուսական ռազմական ներկայություն է առկա, որը ենթադրաբար պահպանում է 1991թ. փլուզված ԽՍՀՄ ռազմատեխնիկան ու զինամթերքը: Ռուսական զորքերը նաեւ ԱՊՀ խաղաղապահ ուժերի բաղադրիչ են՝ ստեղծված ավելի քան երկու տասնամյակ առաջ Մոլդովայի եւ Մերձդնեստրի ուժային հակամարտության ժամանակ:  Այդ ուժերի ռազմական զորավարժություններ ակնհայտ ուժեղացնում են լարվածությունը:

Ակնհայտ է, որ Մոլդովան եւ Մերձդնեստրը Կրեմլի ցուցակի վերեւում են: Ի՞նչ կարող է անել Մոսկվան: Սցենարներից մեկը Ուկրաինայի արեւելքով եւ հարավով ռազմական տեղաշարժն է, Օդեսայի նավահանգստի զավթումը եւ հարավից Մոլդովա եւ Մերձդնեստր անցնելը:

Այս սցենարի մյուս վարկածը կարող է լինել պարզապես Օդեսայի զավթումը:  Սա շատ վտանգավոր մարտավարություն կլինի Մոսկվայի համար՝ ակնհայտ բաց պատերազմի պատճառ դառնալով Ուկրաինայի դեմ, որն ամենայն հավանականությամբ, զգալի քաղաքական, տնտեսական եւ ռազմական աջակցություն կստանա Արեւմուտքից: Ուկրաինայի արեւելյան սահմաններում Ռուսաստանի ռազմական հզորության աճը կարող է նշանակել, որ Մոսկվան ցանկանում է դա դիտարկել որպես  ապագայի հեռանկարային տարբերակ, չնայած որ Կրեմլը օպերատիվ կերպով հերքել է Ուկրաինա ներխուժելու մտադրությունը:

Երկրորդ սցենարը կարող է ընդգրկել ստատուս-քվոյի շարունակությունը՝ չնայած  Մոլդովայում եւ Մերձդնեստրում  քաղաքական իրավիճակի եւ անվտանգության զգալի անկայունությանը:  Սա Կրեմլի համար կլիներ հարաբերական ցածր ծախսերով եւ բարձր եկամտով տարբերակ:  Սա նաեւ կարող է ուղի հարթել դեպի առաջին սցենար՝ստեղծելով այն նույն պայմանները,  որոնց դեպքում Մոսկվան կարող է հայտարարել, որ պետք է գործի՝ էթնիկ ռուսներին, ռուսախոսներին եւ ռուսական քաղաքացիություն ունեցողներին պաշտպանելու համար:

Կրեմլի համար երրորդ տարբերակն է. աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ Մոլդովան մշտապես ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունից զերծ պահելու նպատակով: Դրան կարելի է հասնել՝ միաժամանակ պահպանելով  Մոլդովայի վրա ճնշում գործադրելը (2-րդ սցենարով), եւ Տիրասպոլի եւ Քիշնեւի միջեւ աստիճանական մերձեցման խթանմամբ, որը կհանգեցնի լիարժեք դաշնային Մոլդովայի ստեղծմանը: 

Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել Ուկրաինայի ուղղությամբ բանակցությունները՝ հատկապես հաշվի առնելով չեզոքության եւ երկրի դաշնայնացման վերաբերյալ ռուսական առաջարկությունները եւ Մոսկվայի այն պնդումները, որ Մերձդնեստրի հարցով «5+2»  ձեւաչափով բանակցությունների հաջորդ փուլը պետք է առաջխաղացում գրանցի, որը նախատեսված է ապրիլի 10-ին եւ 11-ին: 

Վերեւում նկարագրված երրորդ տարբերակը կարող է ամենահավանականը եւ բարենպաստը լինել, եւ դա այդպես է՝ հաշվի առնելով մյուս տարբերակները: Այնուամենայնիվ դա կնշանակի, որ  Մոլդովան զգալի կկորցնի ազատ եւ ինքինշխան ընտրություն կատարելու իրավունքը՝ ապագա ռազմաքաղաքական, ռազմական եւ տնտեսական ուղղության հարցում: Դրանից խուսափելու համար Արեւմուտքը պետք է Մոսկվային ավելի հստակ մեսիջ ուղարկի եւ այն  ամրապնդի հուսալի քաղաքականությամբ: Սակայն հարցն այն է՝ Բեռլինից մինչեւ Բրյուսել, Լոնդոնից մինչեւ Վաշինգտոն որոշում կայացնողները արդյոք կարծո՞ւմ են, որ Մոլդովայի համար արժե նման կոշտ դիրքորոշում որդեգրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ