News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2010թ. ԼՂՀ զորամասերից մեկում ինքնասպան եղած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, կարծում է, որ իր որդուն սպանել են նրանից թմրանյութ պահանջողները այն պատճառով, որ որդին նրանց ուզածը չի տվել:

«Իմ տղան պլանը ու՞մ համար ա ուզել, ես հարց եմ տալիս այս ղեկավարությանը՝ բանակի գլխավոր հրամանատար՝ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազին, քննչականի բոլոր քննիչներին։ Միգուցե էդ պլանը իմ տղեն չի տվել իրանց, դրա համար են տվել, սպանել երեխուս, որովհետեւ երեւի մտածում էին Վալերիկը Հոկտեմբերյանից ա, էնտեղ պլանը շաղ տված ա, հնձում են, հավաքում են այդ պլանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանը, որը այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության մոտ էր եկել պահանջելու իր որդու գործով արդար քննություն:

Նանա Մուրադյանի խոսքով՝ զինծառայողը, որը ցուցմունք է տվել, թե իր որդին թմրանյութ է ուզել տնից, նաեւ նշել է, որ Վալերիկ Մուրադյանը ծխող չի եղել եւ նույնիսկ ծխելուց իրեն վատ է զգացել։ Մայրը վստահեցնում է, որ որդին տնից, հարազատներից կամ ընկերներից թմրանյութ չի ուզել, բայց եթե «քննիչները գիտեն, որ թմրանյութ է ուզել, ապա նաև կիմանան, թե ում համար է ուզել»։

Զինծառայողի մայրը նաեւ նշեց, որ, դատախազությունում միջնորդություն է ներկայացրել, որ իրեն առերեսում անեն այն տղայի հետ, ով տվել է այդ ցուցմունքը, նաեւ միջնորդություն է ներկայացրել, որ իր տղայի հագուստը նորից իրեն ցույց տան, քանի որ երկու հատ անդրավարտիք է եղել հագուստի տոպրակի մեջ, եւ իրեն քննիչները սպառիչ պատասխան չեն տվել, թե ինչու է երկու անդրավարտիք տոպրակի մեջ։

«Քննիչը ինչ պատասխանի, որ լավ լինի, ասում ա՝ դե երեւի էնտեղ գցած ա եղել, վերցրել գցել են տոպրակը, էլի։ Պատկերացնում եք իրանց ցինիզմը, ինչ աստիճանի է հասնում»,- ասաց վրդովված Նանա Մուրադյանը։

Ինքնասպան եղած զինծառայողի մորը ասել են, որ այդ հարցով դիմի քննիչ Արման Ապրեսյանին, այնինչ քննիչն ասել է, որ նույնիսկ աթոռից հետքեր չի վերցրել, որի վրա կանգնելով կախվել է իր որդին։

«Աթոռը կարեւոր իրեղեն ապացույց է համարվում, թող բերեին, մտցնեին իմ աչքը, ասեին՝ հեսա քո տղու ոտնահետքը, իսկ ես մտածում եմ եւ համոզված եմ, որ այդ աթոռը ոչ թե իմ տղեն ա բերել, այլ մարդասպանն ա բերել, որ կանգնի վրեն, որ հարմար լինի, իմ երեխուն կախի»,-ասաց զինծառայողի մայրը, նշելով որ պաշտոնական վարկածով ինքնասպանության դրդում է եղել, սակայն 4 տարի գործը նախաքննության փուլում է, եւ դեռ չի պարզվել, թե ով է եղել դրդողը։

Հիշեցնենք, որ զինծառայող Վալերիկ Մուրադյանը մահացել է 2010թ. մարտի 15-ին։ Ըստ պաշտոնական վարկածի, Վալերիկ Մուրադյանը ինքնասպանություն է կատարել` կախվելով պտտաձողից։ Սակայն սպանված զինծառայողի ծնողները գտնում են, որ դա եղել է սպանություն, ոչ թե ինքնասպանություն։

Տպել
Ամենաշատ