News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ ծիծաղելի եւ ապացույցներից զուրկ, ողջամտության բոլոր սահմաններն անցնող  մեղադրանքների շահարկմամբ Ադրբեջանը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու հերթական փորձերն է անում։ Այս մասին հայտարարել է  Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի «296 հայերի քրեական պատասխանատվության ենթարկելու» մասին նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղում եւ անվտանգության գոտու տարածքներում իբր տեղի ունեցած հանցագործությունների մասին։

«Քրեական օրենսդրությունը հանրային գիտակցության վրա ազդեցության գործիք դարձնելու փորձերը մեզ վաղուց են հայտնի։ Ադրբեջանը հերթական անգամ ողջամտությունից զուրկ տրամաբանություն է ցուցաբերում»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, եթե հետեւենք ցուցաբերված տրամաբանությանը, հարց է ծագում՝ իսկ ինչու՞ քրեական գործեր չհարուցել ԼՂՀ այցելություն կատարած անձանց նկատմամբ՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման մեղադրանքով, կամ էլ Ադրբեջանի զինված ուժերի այն դիպուկահարների ու դիվերսանտների նկատմամբ, որոնք ազգային կամ կրոնական ատելության դրդապատճառներով հայ զինծառայողներ են սպանել, եւ կամ հենց հայ զինծառայողների նկատմամբ, որոնք Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զիվորական միավորումներ են կազմել, ու ավելի վատ՝ փոխհրաձգությունների մասնակցել։

«Նմանատիպ տրամաբանությունը աբսուրդային է։ Եթե հետեւելու լինենք դրան, քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով գործեր հարուցելու համար հիմքեր, իհարկե, շատ կլինեն։ Նման մոտեցումը Ադրբեջանի ռազմական դատախազության կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ տպավորիչ զեկույցներ կապահովեր, եւ այդ պարագայում կարելի կլիներ հայտարարել ոչ թե 296, այլ տասնյակ հազարավոր մեղադրյալների առկայության մասին։ Դատախազության աշխատանքը նշված պրիզմայով դիտարկելով կարելի է ենթադրել, որ այդ հաստատությունը դեռ հսկայական գործեր ունի անելու։ Սակայն նման մոտեցումը միայն կբարդացնի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացը և ընդհանրապես՝ խաղաղաստեղծ գործունեությունը բացարձակ անարդյունավետ կդարձի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ