News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք՝ հայերս, խնդիր ունենք համաշխարհային մեդիա դաշտում ապահովելու ցեղասպանության թեմայի մշտական եւ ծանրակշիռ տեղը։ Այս մասին, ապրիլի 4-ին, Ծաղկաձորում կայացած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը կարեւորել է, որպեսզի Հայոց ցեղասպանության խնդրի մասին չխոսվի միայն ապրիլի 24-ին։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին խոսել-քննարկելը նվազեցնում է այդ ողբերգության կրկնվելու հնարավորությունը։ Բանախոսն այս թեմային անդրադարձը դիտարկել է իրազեկման եւ ճշմարտության վերականգնման համար պայքարի տեսանկյունից։ Բացի այդ, անընդհատ գրելով ու բարձրացնելով Ցեղասպանության թեման՝ մենք պայքարում ենք ժխտողականության դեմ։

«Հայոց ցեղասպանության թեման իր մեջ նաեւ մեծ դաստիարակչական լիցք է պարունակում, եւ այդ առումով շեշտադրումների փոփոխություն պետք է տեղի ունենա։ Շատ կարեւոր է, որպեսզի ողբերգական դեպքերի կողքին տեղ գտնեն հերոսական էջերը։ Առավել եւս այս առումով հայ ժողովուրդը հիշելու շատ բան ունի։ Շատ քիչ ժողովուրդներ կկարողանային վերապրել, պայքարել ու պետականություն ստեղծել այդ սարսափելի ողբերգությունից հետո։ Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել։ Այս մասին մենք պետք է բարձրաձայնենք»,- նշել է Սուրեն Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ թեման շատ զգայական է, սակայն սա նաեւ այն թեման է, որ պետք է գիտակցական դաշտ տեղափոխվի։ Նա լրագրողներին խորհուրդ է տվել թվական տվյալներին զուգահեռ ներկայացնել ճակատագրերի պատմություններ եւ Ցեղասպանության թեման դիտարկել համաշխարհային համատեքստում. օտար լսարանին առավել ուշագրավ դարձնելու համար այս ողբերգությունը ներկայացնել տվյալ ազգի պատմության միջոցով։ Բանախոսը նաեւ կոչ է արել զուսպ լինել «ցեղասպանություն» բառի անհարկի շահարկումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ