News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանը կոչ է անում հայաստանյան հասարակությանը եւ համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ:

ԵՊՀ գիտխորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համայն հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ բնակավայրում մարտի 21-ից իրականացվող ոճրագործությունների կապակցությամբ:

Երեւանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների եւ նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են բնակավայրեր, տարհանվում են անմեղ մարդիկ, թալանվում է նրանց գույքը, պղծվում են հայկական եկեղեցիները: Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի, մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի ու սիրիահայ ազգաբնակչությանը:

Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունն ու այլեւայլ աղաղակող փաստերն անհերքելի վկայություներն են այն բանի, որ հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ ցեղասպան պետության համբավ ունեցող Թուրքիայի քաղաքական օրակարգում: Քեսաբի ցավալի իրադարձությունները ցույց են տալիս թուրքական իշխանությունների հայասպան, ցեղասպան, ոճրագործ ու թալանչի պատկերի անփոփոխ լինելը. ողբերգական է հիրավի, որ Օսմանյան կայսրության, իսկ ապա հանրապետական Թուրքիայի ղեկավարումը մշտապես գտնվել եւ այսօր էլ գտնվում է ազգայնամոլների ձեռքին:

Երեւանի պետական համալսարանը կոչ է անում հայաստանյան հասարակությանը եւ համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում նաեւ ողջ միջազգային հանրությանը դատապարտելու Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը եւ գործադրելու քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները թուրքական իշխանությունների մարդատյաց քաղաքականության առաջն առնելու համար»:

Տպել
Ամենաշատ