News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտնի թուրք այլախոհ Ռագըփ Զարաքոլուն, որ հետապնդումների է ենթարկվել եւ բանտարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ փոխհատուցումներ տրամադրելու վերաբերյալ իր սկզբունքային կոչերի համար, ապրիլի 9-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք մարդկության դեմ մեծագույն հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման հիմնազեկուցողը կլինի։

Այս տարի միջոցառումը կկազմակերպի հայկական հարցերով կոնգրեսական խումբը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության գրասենյակի եւ երկրում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ։

Թուրք այլախոհի սպասվող զեկույցին է անդրադարձել Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Մենք ողջունում ենք Ռագըփ Զարաքոլուի այցը Միացյալ Նահանգներ եւ անհամբերությամբ սպասում թեմայի շուրջ նրա մեկնաբանություններին։ Պարոն Զարաքոլուն Թուրքիայի ներսում ծավալված այն դեռեւս փոքր, բայց շարունակաբար թափ հավաքող հասարակական շարժումն է ներկայացնում, որ, տուրք չտալով հետապնդումներին, բանտարկություններին եւ նույնիսկ սպանության սպառնալիքներին, ջանքեր է գործադրում վերջ դնելու սեփական կառավարության՝ Հայոց ցեղասպանության հանդեպ մերժողական քաղաքականությանը եւ հիմքեր ստեղծելու՝ այս դեռեւս անպատիժ մնացած հանցագործության վերաբերյալ ճշմարիտ եւ արդարացի բանաձեւի ընդունման շնորհիվ անկեղծ ապագա կերտելու համար։ Այսպիսի խիզախությունն է, որ պիտի խրախուսում գտնի եւ հովանավորվի նախագահ Օբամայի կողմից»,- ասել է նա։

Զարաքոլուն երկար տարիներ հրատարակչությամբ զբաղվող ընկերություն է ղեկավարել եւ այդ ընթացքում, սկսած 1970-ականներից, խիզախորեն մարտահար նետել Հայոց ցեղասպանության շուրջ, քրդերի եւ Թուրքիայում ապրող այլ փոքրամասնությունների թեմաներով առկա իրավական սահմանափակումներին եւ սպառնալիքներին (ներառյալ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը)։ Նրա ընկերության կողմից հրատարակված մի քանի գրքեր առանձնակիորեն Հայոց ցեղասպանությանն են վերաբերել։

Ռագըփ Զարաքոլուն 2008 թ.-ին Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի կողմից Հրատարակման ազատության մրցանակի է արժանացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ