News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեեւ վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին դիմագրավում ուժեղ երկրաշարժի: Իսկ Գյումրին գեթ մեկ անգամ տեսած յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ հին քաղաքն իրոք մի մեծ թանգարն էր բաց երկնքի տակ՝ իր հարյուրավոր շենք-կոթողներով: Սակայն հետերկրաշարժյան տարիներին ահավոր աղետին դիմագրաված կառույցները մատնվեցին անուշադրության եւ կամաց-կամաց քանդվեցին ու շարունակում են քանդվել, իհարկե՝ ոչ առանց մարդկային միջամտության:

Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաններից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարեւորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը: Եթե Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող ամրոցախմբի կառույցներից մեծը՝ գյումրեցիների լեզվով ասած՝ Սեւ ղուլը, նախորդ տարիներին մասնավորեցվեց ու աղբանոցի վերածվելու դառը ճակատագիրն այլեւս չի սպառնում դրան, ապա փոքրիկ Սեւ բերդը կամ Պայտաձեւ ամրոցը, իրեն կից երկու փոքրիկ բերդաձեւ կառույցներով հանդերձ, կործանման վտանգի առջեւ է հայտնվել: Ամրոցներն օր-օրի քայքայվում են, քանդվում են պատերը, շուրջբոլորն ավելանում են շինաղբի հսկայածավալ կույտերը, եւ ամրոցների ներսն աղբով է լցվում:Ու եթե շուտափույթ ՀՀ կառավարության կողմից որոշումներ չկայացվեն դրանք պահպանելու եւ վերականգնելու մասին, ապա հարյուրավոր այլ շքեղ հուշարձանների նման դրանք եւս կկորցնենք անվերադարձ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը Գյումրու անտերության մատնված Պայտաձեւ ամրոցի եւ դրան կից երկու փոքրիկ ամրոցների անմխիթար վիճակի մասին է:

Տպել
Ամենաշատ