News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որեւէ անձնական հակասություն չունի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ գտնվում էր Մարտակերտում, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին իր՝ ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ: «Այնտեղ, ուր թշնամին այնքան մոտ է եւ այն թուրքն է, դա ուղղակի ծիծաղելի հնչեց, ամեն ինչ պետք է ազնիվ լինի, ինչքա՞ն կարելի է նման անբարո բաներ տարածել, դա սուտ է»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանը շեշտեց, որ իր հակասության պատճառներն ընդամենը մշակույթի ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներն են: «Որեւէ նախարար, եթե լիներ մշակույթի նախարար եւ լինեին այն խնդիրները, որոնք այսօր առկա են, իմ հետ խնդիր կունենար: Այսինքն ՝իմ խնդիրը այն է, ինչ մյուս բոլոր մշակույթի ներկայացուցիչներինը, պարզապես ես եմ բարձրաձայնում՝ ունենալով այդ հնարավորությունը: Ես դժգոհ եմ մեր երկրում մշակույթի վիճակից, իհարկե դժգոհ եմ, որ շատ-շատ հարգված մարդիկ ստվերում են, շատ մեծ արվեստագետներ ուղղակի մոռացված են, մի քանի հոգի են կենտրոնում, շատ տաղանդաշատ մարդկանց համար արգելքներ են առաջանում, ինչը ինձ համար անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է տաղանադաշտ մարդուն ինչ-որ բաներ արգելել կամ խնդիրներ ստեղծել, երբ այդ ամենը հեշտ լուծելի հարց է: Նման բաներ շատ են եղել, ուղղակի ես ունեմ հնարավորություն խոսելու եւ խոսում եմ: Տարիներ առաջ ես ու Հասմիկ Պողոսյանը շատ լավ զրույց ունեցանք, ես առաջարկեցի, որ ինքը համագործակցի մեզ հետ՝ երիտասարդ սերնդի արվեստագետների, ռեժիսորների, երաժիշտների, նկարիչների հետ, խոստացավ, բայց այդ խոստումը չկատարեց, առաջին հիասթափությունը, ճիշտն ասած, հենց այդ ժամանակ ապրեցի»,- անկեղծացավ պատգամավորը:

Նա նշեց, որ Հասմիկ Պողոսյանի մասին ասում են, որ շատ աշխատասեր է, բայց ինքը արդյունք է ուզում տեսնել: «Ինձ համար բացարձակ անձերը կարեւոր չեն, ինձ համար կարեւոր է երկրի վիճակը, որ այս երկիրը ծաղկի, իր մեծագույն արժեքը՝ մշակույթը ներկայացնի աշխարհին, որովհետեւ մենք ունենք դրա շտեմարանը, ունենք փայլուն ժառանգություն, ունենք փայլուն արվեստագետներ, ես խոնարհվում եմ դուդուկի առջեւ, բայց միայն դուդուկ չէ մեր մշակութային հարստությունը»,- նշեց նա:

Շուշան Պետրոսյանը չգիտի՝ նոր կառավարությունում Հասմիկ Պողոսյանը շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ: Նա նշեց, որ նորանշանակ վարչապետի հետ մի խումբ պատգամավորների հանդիպմանը որեւէ ակնարկ նոր նշանակումների մասին չի եղել:

Ինչ վերաբերում  է իր՝ մշակույթի նախարար նշանակվելուն, երգչուհին ասաց, որ իրեն երբեւէ նման առաջարկ չի եղել, ինքը նման ցանկություն երբեւէ չի ունեցել եւ չի էլ պատրաստվում ունենալ: «Ես ինձ շատ լավ գիտեմ եւ երբեք չեմ մտնի ջուրը առանց լողալ իմանալու: Մշակույթը բարդ ոլորտ է, բազմավտակ գետի հունը ղեկավարելու համար պետք է ունենաս նաեւ ուրիշ հմտություններ, գիտելիքներ գուցե կան, բայց դա շատ քիչ է»,- շեշտեց պատգամավորը:

Հարցին, թե չի կարծում, որ Հասմիկ Պողոսյանն այսօր իր տեղում չէ եւ նրան փոխարինելու անհրաժեշտություն կա, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի մշակույթի ոլորտում շատ աշխատանք կա անելու, պետք է լինի մեկը, ով պատրաստ է այդ աշխատանքին առանց հոգնելու, բոլոր ոլորտները միանգամից պետք է հունի մեջ գցել, կենտրոնանալ միայն քո նախընտրությունների եւ քո նախընտրած արվեստագետների վրա, դա մի քիչ շատ կենցաղային, խոհանոցային է ստացվում: Ահագին մեծ պոետներ, երաժիշտներ, ռեժիսորներ կան, որոնք իմը չեն, բայց ես իրավունք չունեմ չգնահատելու նրանց կամ չբարձրաձայնելու նրանց մասին, չի կարելի անձնավորել, պետք է ամեն ինչից տեղյակ լինել, հավանում ես, գնա, նայի երկրորդ անգամ տվյալ մարդու ներկայացումը, բայց բոլորին ուղղորդել միայն քո սիրելի արվեստագետների մոտ, դա արդեն չեղավ»,-ասաց երգչուհին:

Տպել
Ամենաշատ