News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Եռամսյակային ամփոփիչ գնահատման եւ վերլուծության արդյունքներով ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետեւողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան եւ պետք է առավել հետեւողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետեւողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Վարչական շրջանների աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքներն, ըստ էության, ձեր աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքի արտացոլումն են: Ու եթե մեկ կամ երկու օղակ թերանում են իրենց աշխատանքում, դա բացասաբար է անդրադառնում նաեւ վարչական շրջանի կողմից կատարվող ընդհանուր աշխատանքների վրա: Սա ձեզ մտորելու լուրջ տեղիք պետք է տա, որ համապատասխան քայլեր ձեռնարկեք թերացող օղակի աշխատանքն արագ շտկելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, պետք չէ խուսափել տույժեր կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելիս: Ի վերջո մեր համաքաղաքացիները մեզանից ակնկալում են արդյունավետ ու նպատակային աշխատանք, այլ ոչ թե անվերջ ներողամտություն թերացողների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Մեկ անգամ եւս անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու նպատակով պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Վարչական շրջանների ղեկավարներին ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է հետեւողական աշխատանք տանել, որպեսզի դրական արդյունքներ գրանցվեն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Տարոն Մարգարյանը նաեւ նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջանների կատարած աշխատանքի արդարացի գնահատականը տալիս են նաեւ երեւանցիները: Ուստի քաղաքապետը հանձնարարել է աշխատել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից:

Տպել
Ամենաշատ