News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձեւը հայտնվելուց հետո թուրքական իշխանամետ մի քանի լրատվամիջոցներ պնդում են, թե բանաձեւը Սենատ ներկայացրած սենատոր Մենենդեսը երկար տարիներ աջակցություն է ստացել Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, իսկ Սենատում բանաձեւը ներկայացնելուց մեկ օր առաջ հանդիպել է Գյուլենի հովանավորությամբ ԱՄՆ-ում ամենախոշոր թուրքական հասարակական կառույցի՝ «Թուրք-ամերիկյան միության» ներկայացուցիչների հետ։

Թուրքական իշխանամետ Yeni Safak պարբերականը գրել է, թե Ֆեթուլլահ Գյուլենի «զուգահեռ պետությունը» Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիային սեւացնելու քաղաքականությունը տեղափոխել է արտասահման՝ իր նպատակների համար նույնիսկ առհամարելով ազգային շահերը։

Պարբերականը պնդել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Սենատ ներկայացնելուց մեկ օր առաջ սենատոր  Ռոբերտ Մենենդեսը գալա ընթրիքի շրջանակներում հանդիպել է Գյուլենի հովանավորությամբ գործող «Թուրք-ամերիկյան միության» (TAA) ներկայացուցիչների հետ։

Թուրքական մեկ այլ խիստ իշխանամետ Sabah պարբերականն իր աղբյուրներին վկայակոչելով՝ գրել է, թե չնայած սենատոր Ռոբերտ Մենենդեսը մշտապես հայամետ նախաձեռնություններով է հանդես գալիս, նրան երկար տարիներ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող տարբեր կազմակերպություններ։  Sabah-ը նշել է, թե միայն պաշտոնական տվյալներով 2011-2012 թվականներին Գյուլենի շարժմանը պատկանող 2 դպրոցից, մեկ իրավաբանական եւ մեկ ինովացիոն ընկերության կողմից Ռոբերտ Մենենդեսի 9 հազար 500 դոլար նվիրատվություն է կատարվել։

Նշենք, որ ԱՄՆ Սենատ ներկայացված նոր օրինագծում կոչ է արվում ԱՄՆ նախագահին՝ 1915-ին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել։

Հիշեցենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետ Էրդողանի եւ նախարարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ