News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարության ԴԱՀԿ Երեւան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գեւորգ Հարությունյանի՝ պարտապան ամուսիններից կաշառք վերցնելու գործն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, իսկ առաջին նիստի օրը կնշանակվի առաջիկայում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ հարկադիր կատարող Գեւորգ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպելով պարտապան Կ. Ե.-ին եւ վերջինիս կնոջը` Ք. Մ.-ին, նրանցից տեղեկանալով, որ իր կատարողական գործողությունների արդյունքում «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում արգելանք է դրվել պարտապան Կ. Ե.-ի՝ նշված բանկում ունեցած հաշվեհամարի վրա, վերջիններիս հայտնել է, որ դիմելով ակնհայտ ապօրինի գործողության կարող է կարճ ժամանակով հանել Կ. Ե.-ի հաշվին դրված արգելանքը՝ հնարավորություն տալով պարտապանին կանխիկ ստանալ հաշվեհամարում եղած ողջ գումարը, որի դիմաց ամուսիններից պահանջել է կաշառք: Ստանալով ամուսինների համաձայնությունը՝ Գեւորգ Հարությունյանը հաշվեհամարն ազատել է կալանքից, սակայն ամուսինները չեն տվել կաշառքը:

Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ 2-րդ մասի հատկանիշներով: Գեւորգը կալանավորված է:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ