News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացնում՝ կանխիկացնելով իրենց ամբողջ աշխատավարձը։ NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր՝ ապրիլի 14-ին, ականատես է եղել՝ ինչպես են տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ խմբերով մոտենում բանկոմատներին եւ կանխիկացնում իրենց գումարները, որպեսզի կառավարությունը չկարողանա այդ գումարները շրջանառության մեջ դնել։

«Սա մեր բողոքի ակցիաներից մեկն է, մենք դեմ ենք այդ չարաբաստիկ օրենքին, այսպիսի ակցիաները շարունակական են լինելու, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքի պարտադիր բաղադրիչը չլինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահինյանը։

Նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանի կարծիքով՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր պահումները բյուջեն լցնելու միջոց են. «Էս կարգի ընդվզումից հետո ինձ թվում էր, որ կառավարությունը հետ կկանգներ, բայց այստեղ ուրիշ պատճառ կա, կենսաթոշակայինը չէ։ Հանրապետությունում գումարներ չկան, դրա համար պահումների միջոցով գումար են հավաքում։ Ես վախենում եմ, որ բանկում կարող է գումարները վերջանան, դրա համար ես ինչքան հնարավոր է շուտ կանխիկացնում եմ աշխատավարձս, որ չկորցնեմ գումարներս»։

Նշենք, որ նախաձեռնության անդամները եւս մեկ ակցիա են իրականացնում՝ հնարավորին ուշացնելով կոմունալ վարձերի վճարումը՝ այդ կերպ պատժելով կառավարությանը, որպեսզի վերջինս էլ չկարողանա ժամանակին կատարել իր ֆինանսական պարտականությունները։

«Իրենք վերցնում են Սահմանադրական դատարանի որոշման 7-րդ կետը եւ իրենց  ուզած ձեւով մեկնաբանելով մեզանից պահումներ են անում, հենց մեկնաբանել ՍԴ-ի որոշումը արդեն անօրինական է»,- ասաց Լեւոն Հարությունյանը։

Նա համոզված է, որ  «Դեմ եմ» նախաձեռնությունը հաղթելու է. «Համոզված եմ, որ շարժումը արդյունք կտա. կարող է՝ այսօր չտա, վաղը չկա, բայց վերջիվերջո արդյունք տալու է»։

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը  ժամանակ տվեց  խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

Տպել
Ամենաշատ