News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է լուծել քաղաքական էլիտայի, հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եղած կոնֆլիկտները, քանի որ քաղաքական էլիտայի ներսում կայունությունը ձեռնտու է հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Հովիկ Աբրահամյանը կարողանում է լեզու գտնել քաղաքական էլիտայի տարբեր սպեկտորների հետ՝ կլանների հետ: Կարծում եմ, որ դա կարեւոր հանգամանք էր այսօր, հատկապես որ Ռուսաստանին անհրաժեշտ է միատարր եւ առանց կոնֆլիկտների քաղաքական էլիտա, որպեսզի խնդիրներ չունենա, երբ Հայաստանը պետք է մտնի Մաքսային միության մեջ»:

Քաղաքական էլիտայի մեջ փորձագետի համոզմամբ մտնում է նախ եւ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Եթե ժողովրդավարական երկրներում ժողովուրդը լուրջ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման հարցում, ապա մեզ նման երկրներում կարեւոր են օլիգարխների ազդեցությունը: Օրինակ Գագիկ Ծառուկյանը, որը որոշ տեղեկություններով Հայաստանի ամենահարուստ մարդն է, պատգամավոր ժամանակին եղել է իշխանության մաս, իսկ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք պահանջում էր նրա հրաժարականը, իսկ այս նշանակումով Սերժ Սարգսյանը փորձել է լուծել հենց այս խնդիրները եւ ապահովել քաղաքական էլիտայի ներսում այդ ստաբիլությունը՝ իջեցնելով կոնֆլիկտայնության չափը»,- նշեց Էդգար Վարդանյանը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Ապրիլի 14-ին ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ