News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մայիսին ԵԽ-ի Նախարարների կոմիտեում նախագահող է դառնալու, եւ  ԵԽ-ում արդեն լուրջ մտահոգված են այդ կապակցությամբ,  քանի որ նախագահում է մի երկիր, որտեղ կան արմատական խնդիրներ եւ բազմաթիվ ամոթալի անլուծելի հարցեր մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ խոսքի ազատության բնագավառում, NEWS.am-ին հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի պահանջը:

Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ ԵԽ-ի Նախարարների կոմիտեում իր ղեկավարած երկրի նախագահությունը վիճելի է. «Նիստի ընթացքում բազմաթիվ եվրոպացի խորհրդարանականներ մի շարք հարցեր են բարձրացրել՝ կապված Ադրբեջանում բռնապետական վարչակարգի հետ. ճաղերի հետեւում ավելի քան 40 լրագրողի առկայությունը, երկիրը չի հարգում Ժնեւում իր իսկ ստորագրած կոնվենցիան եւ խոշտանգում է գերիներին ու ռազմագերիներին»:

Պատգամավորը նշել է, որ այդ համատեքստում Ադրբեջանի նախագահը որոշել է գնալ հակազդման ճանապարհով՝ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է սկզբունքով, հյատարարելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: «Մինչդեռ Ադրբեջանի իրական դեմքն այնքան հայտնի է միջազգային կառույցներում, որ նույնիսկ այն եվրոպացի  խորհրդարանականները, որոնց գործունեությունը վճարվում էր Ադրբեջանի խավիարային դոլարներով, նույնպես խոստովանում են, որ զբաղվել են մի երկրի շահերի լոբբինգով, որը ԵԽ-ի անդամ լինելու իրավունք չունի: Ադրբեջանը նաեւ հիանալի հասկանում է, որ եթե ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի թեման Ռուսաստանն էր, ապա հաջորդ նստաշրջանները նվիրված կլինեն իրեն, եւ երկրի իշխանությունները փորձում են նման պարզունակ քայլերով հակահարված տալ: Սակայն Իլհամ Ալիեւի այդ հայտարարությունները ոչ միայն աջակցություն չեն գտնի եվրոպացի խորհրդարանականների շրջանում, այլեւ անգամ աջակցություն չեն գտնի եղբայրական Թուրքիայի խորհրդարանականների կողմից», - ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ