News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 15-ին, Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով վկաներ, ոստիկաններ Արման Դանիելյանը եւ Արարատ Հարությունյանը, հակասական ցուցմունք տվեցին:

Դատարանում Արման Դանիելյանը պատմեց, որ 2013թ. օգոստոսի 5-ին Կոմիտաս 5 հասցեի մոտ ցուցարարները փակել են փողոցը` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով այդ հասցեում իրականացվող շինարարության դեմ:

«Մենք զգուշացրել ենք ցուցարարներին, որ իրենք հասարակական կարգ են խախտում եւ խնդրել ենք դուրս գալ փողոցի բանուկ հատվածից, սակայն իրենք հրաժարվել են մեր օրինական պահանջները կատարել, եւ մենք գրկելով մարդկանց հեռացրել ենք փողոցից»,-ասաց Արման Դանիելյանը:

Նրա խոսքով այդ օրը վիրավորական արտահայտություններ հնչել են ցուցարարների կողմից, սակայն ինքը չի հիշում, թե կոնկրետ Արգիշտի Կիվիրյանը այդպիսի արտահայտություններ արել է, թե ոչ:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե վկային ով է այդ օրը հրահանգ տվել ցուցարարներին հեռացնել փողոցից, վերջինս պատասխանեց, որ չի հիշում, թե հրամանն ով է տվել, սակայն այդ օրը իր հրամանատարը եղել է Վահան Վրթանեսյանը, որը սույն գործով տուժողն է:

Վկան մի քանի անգամ իր խոսքում նշեց, որ ոստիկանները պատրաստված են եւ գիտեն նման դեպքերում ինչ  գործողությունների են դիմելու, իսկ փաստաբան Սահակյանը հետաքրքրվեց, թե ինչ են անում ոստիկաններն այն ժամանակ, երբ հանրապետության նախագահն անցնում է որեւէ փողոցով կամ ՀՀԿ-ն որեւէ միջոցառում է կազմակերպում, կամ շինարարության դեպքում, որի ժամանակ ճանապարհը փակվում է:

Մեղադրողը առարկեց հարցի դեմ, դատավորը ընդունեց առարկությունը, ինչին փաստաբան Լուսինե Սահակյանը արձագանքեց. «Դատարանին վախեցնո՞ւմ է հանրապետական կուսակցությունը»:

Մյուս վկան` Արարատ Հարությունյանը, գրեթե նույնը պատմեց` նշելով, որ քաղաքացիները այդ օրը Կոմիտաս 5-ում շատ էին, իսկ ոստիկանները` քիչ:

«Ճանապարհը փակ էր, քաղաքացիները պառկած էին գետնին, քաշքշոց ու հրմշտոց էր, մենք հորդորում էինք քաղաքացիներին գնալ մայթ, բայց նրանք չէին ենթարկվում: Արգիշտի Կիվիրյանը երթեւկության նշանի ձողը գրկել ու պոկ չէր գալիս, պառկած էր գետնին եւ հրահանգում էր քաղաքացիներին, որ չենթարկեն ոստիկանների պահանջին: Մենք էլ Կիվիրյանին գրկած մոտեցրինք ոստիկանական մեքենային, ինքը դիմադրում էր, արդեն մեքենայի մոտ, տեսա, որ մեքենային մոտեցավ Կարեն Վրթանեսյանը»,-պատմեց վկան:

Դատական նիստին ներկա էին այդ օրը դեպքի վայրում գտնված ակտիվիստները, որոնց վկաների ցուցմունքները ծիծաղեցնում էին:

Դատական նիստը հետաձգվեց: հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ