News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը օրենսդիր մարմնի երկշաբաթյա ընդմիջումից օգտվելով` կոնգրեսականների ոչ մեծ պատվիրակության կազմում Ուկրաինայի ամենաանկայուն շրջանները, ինչպես նաեւ Հայաստան եւ Ադրբեջան կայցելի: Այս մասին գրում է «Orange County Register»-ը:

Էդ Ռոյսի խոսքերով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա պետական եւ քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ` Ռուսաստանի` Ուկրաինայի արեւելյան սահմանին ռազմական ուժի կենտրոնացմանը, համաշխարհաին էներգետիկային, ինչպես նաեւ Իրանին վերաբերող մի շարք հարցերի հետագա ուսումնասիրության նպատակով: «Ուկրաինան ճգնաժամի մեջ է, եւ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անեն` այդ երկրի կառավարությունը ռուսական ագրեսիայի դեմ ամրապնդելու համար»-ասել է Ռոյսը:

Ինչ վերաբերում է պատվիրակության Հայաստան եւ Ադրբեջան այցելություններին, կոնգրեսականն ասել է. «Հայաստանը ժողովրդավարություն կերտելու եւ դաժան միջավայրում բարգավաճում ապահովելու համար պայքարի մեջ մտած երկիր է: Հայ ժողովուրդը անցած դարի առաջին ցեղասպանությունն է տեսել, ինչը պետք է մոռացության չմատնվի: ԱՄՆ-ն Ադրբեջանում էներգետիկային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մեծ շահեր ունի»:

Հայաստանում պատվիրակությունը կմասնակցի Օսմանյան կայսրությունում 1915թ. ապրիլի 24-ին սկսված ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված ազգային արարողությանը: Էդ Ռոյսը արդեն բավական ժամանակ է` ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր է ձեռնարկում` Թուրքիայի կողմից դրա հերքումը երկու հարեւան երկրների հաշտեցման գլխավոր խոչընդոտ համարելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ