News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թե ՕԵԿ-ի քաղաքական թիմի համար ինչ քաղաքական նոր իրավիճակ է փոխվել, դրա պարզաբանումը պետք է տան իրենք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նկատի ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե քաղաքական նոր իրավիճակ է փոխվել եւ ՕԵԿ-ը կոալիցիայի մաս կազմելու վերաբերյալ հարցը պետք է քննարկի: 

«Քաղաքական նոր իրավիճակ» ասվածը մի փոքր լայն հասկացություն է: Ինձ համար օրինակ կարող է լինել նոր վարչապետի՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի նշանակվելը: Հավանաբար նոր ձեւավորվող կառավարության ծրագրի եւ այլնի մեջ կարող է լինել քաղաքական իրավիճակի փոփոխություն, բայց դա մի քիչ լայն առումով է: Թե «Օրինաց երկիր» քաղաքական թիմի համար ինչ քաղաքական իրավիճակ է փոխվել, դրա պարզաբանումը պետք է տան իրենք»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այս ժամանակահատվածում հորդորում եմ խոսակցությունների, տարբեր բնույթի ասեկոսեների հետեւից չընկնել ու ինչ-որ պարզաբանումներ չտալ, ընդամենը որ խոսակցություն է: Երբ որ «Օրինաց երկիրն» իր որոշումը կհայտնի՝ կոալիցիա մտնում են, թե ոչ, եւ երբ երկրի նախագահը կորոշի, թե ինչպիսի կառավարություն է ձեւավորում, էն ժամանակ էլ կխոսենք»:

Ըստ պատգամավորի՝ ինչ որոշում էլ կայացնի «Օրինաց երկիր» կուսակցությունը, կառավարությունը ձեւավորելու վերջնական իրավունքը վարչապետի ներկայացմամբ երկրի նախագահի իրավասությունն է:

Անդրադառնալով ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ տարվող բանակցություններին, որոնց մասին ապրիլի 13-ին հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ՝ բանակցություններ ընթանում են, թե ոչ:

«Քանի դեռ կառավարությունը չի ձեւավորվել, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հնարավոր է ընթանան, հնարավոր է՝ չընթանան: Էդ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները հայտնել են, սակայն կան ուժեր, որոնք խորհրդի նիստեր դեռ չեն արել եւ որոշում չեն կայացրել: Խոսքս ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է»,- ասաց նա:

Նշենք, որ Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «ՕԵԿ քաղխորհրդի նիստը կգումարվի ապրիլի 16-ին, որի ժամանակ էլ կքննարկենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: Ըստ որում մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը, մեր համոզմունքը մեր երկրի զարգացման վերաբերյալ եւ այդ մասին խոսել ենք բաց եւ հրապարակային: Հայաստանի առջեւ այսօր բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ մենք առաջարկել ենք լուծման մեր բանալին: Ինչեւիցե, ընդունվել է այլ որոշում, որը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, ինչը քննարկելու կարիք ունի»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ