News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ եւ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) չի բացառում ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Հայրապետյանը:

Նա այդքան էլ համաձայն չէ, երբ իրեն դիմեցինք որպես նախկին ՕԵԿ-ականի՝ ՕԵԿ-ի կոալիցիա մտնել, չմտնելու վերաբերյալ կարծիքն իմանալու նպատակով: «Նախկին ՕԵԿ-ական որ ասում եք ոնց որ նախկին ոստիկան, նախկին իրավաբան, դա մասնագիտություն է, բայց նախկին ՕԵԿ-ականը մասնագիտություն չէ, մարդը իրավունք ունի լինել ՕԵԿ-ական, ՀՀԿ-ական, Դաշնակցությունից, «Ժառանգությունից», հիմա բոլոր դեպքում ասենք նախկի՞ն: Քանի որ իրենք նմանատիպ փորձ ունեն եւ մեկ անգամ արել են 2008թ, ինձ թվում է՝ ամեն ինչ հնարավոր է, բայց ես չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ ալիքների մեջ գտնվող մարդը միշտ կարող է բարձրանալ ալիքի վրա, հետո իջնել ներքեւ, այդպիսի բան է քաղաքականությունը»,- ասաց նախկին պատգամավորը:

Դիտարկմանը, թե այդպես ազնիվ է, ինչպես կարող է կուսակցությունը մի օր ընդդիմություն, մի օր իշխանություն լինի, «Լավանդայի Արայիկն» ասաց, որ եթե ինքը իմանար այդ հարցերի պատասխանները, կմնար քաղաքականության մեջ, բայց քանի որ ինքը չգիտի բարոյականի եւ անբարոյականի սահմանը, չմնաց եւ նախընտրեց զբաղվել բիզնեսով:

ՕԵԿ-ից դուրս գալուց հետո նա հանդիպումներ ունեցել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ եւ նորմալ հարաբերություններ ունի իր կուսակիցների հետ: Արայիկ Հայրապետյանը այժմ զբաղվում է բիզնես գործունեությամբ՝ համագործակցելով արտասահմանյան գործընկերների հետ, սակայն այդպես էլ չասաց, թե ինչ գործունեության մասին է խոսքը: Նա չցանկացավ խոսել նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Նախկին պատգամավորը միայն նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում եւ չի էլ հետաքրքրվում: Հարցին, թե չեք կարոտում քաղաքականությունը, Արայիկ Հայրապետյանն ասաց՝ «թող իրենք ինձ կարոտեն»:

Նշենք, որ Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «ՕԵԿ քաղխորհրդի նիստը կգումարվի ապրիլի 16-ին, որի ժամանակ էլ կքննարկենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: Ըստ որում մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը, մեր համոզմունքը մեր երկրի զարգացման վերաբերյալ եւ այդ մասին խոսել ենք բաց եւ հրապարակային: Հայաստանի առջեւ այսօր բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ մենք առաջարկել ենք լուծման մեր բանալին: Ինչեւիցե, ընդունվել է այլ որոշում, որը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, ինչը քննարկելու կարիք ունի»:

Տպել
Ամենաշատ