News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փորձը ցույց է տալիս, որ ցանկացողները վիճարկում են ՏՄՊՊՀ-ի որոշումները, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ առայսօր բոլոր որոշումները մնացել են անփոփոխ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարության  մտադրությունը ամենամոտ ապագայում վիճարկել  ՏՄՊՊՀ-ի որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր եւ իր բաժնետերերի շահերը:

Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ին «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն, որպես այդպիսին, չի դիմել, նշված հարցով դիմում-բողոք է ստացվել քաղաքացի Վահագն Գեւորգյանից, ով տեղեկացրել է, որ արտադրում է գինի եւ շշալցնում նռան տեսքով շիշ, որը գրանցել է Մտավոր սեփականության գործակալությունում։

«Քաղաքացու պահանջը հանձնաժողովից այն էր, որ արգելվի նույնանման շշերի մեջ գինի շշալցնեն արտադրող այլ ընկերությունները՝ «Մառան» ընկերությունը, «Պռոշյան» գինու գործարանը եւ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը։ Հանձնաժողովը հայտը մանրամասն ուսումնասիրել է տվյալ քաղաքացու դիմում-բողոքը, եւ պարզել ենք, որ դա չի կարող դիտվել անբարեխիղճ մրցակցություն կամ շփոթության պատճառ, ինչպես պնդում է Վահագն Գեւորգյանը»,- ասաց Գ. Սահակյանը՝ նշելով, որ Վահագն Գեւորգյանի խոսքով՝ իր արտադրանքը շփոթում են գինի արտադրող այլ ընկերությունների հետ։

Գ. Սահակյանի խոսքով, հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել է գինու բոլոր տարաները. «Խոսքը էապես տարբեր տարաների, շշերի մասին է եւ բարձրությամբ, եւ չափերով, եւ նռան հատիկներով ձեւավորված եւ առանց նռան հատիկների, շշի գույնով։ Եվ, վերջապես, նրանք բոլորը պիտակավորված են, հետեւապես, խոսել այն մասին, որ սպառողը կգնա խանութ եւ կցանկանա գնել Վահագն Գեւորգյանի արտադրած գինին, եւ հանկարծ կգնի «Պռոշյանի» գինին, կարծում ենք, թյուրիմացություն է։ Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այստեղ չկա սպառողին մոլորեցնելու եւ շփոթության, եւ, առավել եւս, անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, եւ մերժել է քաղաքացու դիմում-բողոքը։ Ավելին, նման վարքագիծը կարող է խոչընդոտել մրցակցույանը, եւ ընդունելի չէ հանձնաժողովի համար»։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի որոշումը վիճարկելուն, ապա, ըստ Գ. Սահակյանի, քաղաքացին կարող է վիճարկել որոշումը դատարանում. «Փորձը ցույց է տալիս, որ ցանկացողները վիճարկում են հանձնաժողովի որոշումները, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ առայսօր բոլոր որոշումները մնացել են անփոփոխ։ Մենք  վստահ ենք մեր կայացրած որոշման մեջ, այն առավել քան իրավաչափ է»։     

Հիշեցնենք, որ «Էդվագ Գրուպ» ընկերությունը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին: Ընկերությանն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ։ 

Տպել
Ամենաշատ