News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Սիզավետ համյանքի բնակչուհի, 1996թ. ծնված, խուլուհամր Սյուզաննա Միքայելյանը 2005-ից հաճախում է գյուղի հանրակրթական դպրոց, սակայն հրամանագրված չէ որպես աշակերտ: Դպրոցի տնօրեն Վարդան Վարդանյանը հրաժարվում է կատարել աղջկա ծնողների պահանջը եւ հրամանագրել նրան որպես դպրոցի աշխակերը։ Տնօրենը NEWS.am-ին պատմեց, թե ինչու է Սյուզաննային թույլատրել դպրոց հաճախել առանց պաշտոնական գրանցման: Ըստ տնօրենի` ինքն օրենքը չի շրջանցել, ընդամենը առողջական խնդիրներ ունեցող աղջկան «լավության կարգով» թույլատրել է  դպրոց  հաճախել: Տնօրենն ասաց նաեւ, որ Սյուզաննայի հայրը՝ Հրաչ Միքայելյանը, աշխատում է նույն դպրոցում որպես Տեխնոլոգիայի ուսուցիչ: 

«Ես օրենքը չեմ խախտել, ընդամենը թողել եմ, որ այդ երեխան գա դպրոց իր հոր հետ, որպեսզի փողոցում չհայտնվի, նա խուլուհամր երեխա է. ո՛չ լսում է, ո՛չ խոսում է, այդ երեխայի համար հատուկ պայմաններ են պետք, դպրոցում ես խնդրել եմ ուսուցիչներին հետեւողականություն դրսեւորեն, մի տառ, մի բառ գոնե սովորեցնեն, բայց ապարդյուն, նա ոչինչ անել չի կարող, հիմա ես չեմ հասկանում՝ ծնողն ինչ է ուզում»,- ասաց տնօրեն Վարդան Վարդանյանը՝ հավելելով, որ Սյուզաննայի հետ ինքն ազգակցական կապ ունի, եւ ինքը չէր կարող Միքայելյաններին արգելել իրենց երեխային ինտեգրել հասարակությանը։

Վարդան Վարդանյանը տնօրեն է աշխատում 2009-ից, իսկ Սյուզաննան դպրոց է հաճախում դեռ 2005-ից։ Տնօրենի խոսքով՝ դպրոցական արխիվում երեխային դպրոց ընդունելու վերաբերյալ ծնողի դիմում չկա. «Թող էն ժամանակ դիմումով դպրոց տաներ իր երեխային ծնողը, հիմա ի՞նչ են պահանջում, հասկանո՞ւմ եք՝ այստեղ խնդիրը  որն է.  նա ոչ հրամանագրված է, ոչ մատյանում կա, ոչ էլ կարող է երբեւէ լինել, եթե ես այդ երեխային հրամանագրեմ, ապա ես օրենքի խախտում արած կլինեմ, նախարարությունից, որ գային իրեն տեսնեին, չէին ասի՞. «Հարգելի տնօրեն, այս աշակերտուհւու տեղը հանրակրթական դպրոցը չէ, այս ի՞նչ ես անում»։ Այդ երեխայով ես չէ, որ պետք է զբաղվեմ։ Նրան նախեւառաջ պետք է գրանցի համայնքի ղեկավարը, ներկայացնի մարզպետարան, ու այսպես շարունակ ես չեմ այս հարցի պատասխանատուն»:

Սյուզաննայի մայրը՝ Գայանե Սարգսյանը NEWS.am-ին  պատմեց, որ իր դուստրը սահմանափակ կարողությունների տեր է, աղջիկը դեռ 3 ամսականից է  անառողջ, նա  խոսելու եւ լսելու խնդիրներ ունի, ձայնալսման ապարատ էլ է կրում: Մոր խոսքով՝ 8 տարիների ընթացքում դպրոց հաճախելը դրական ազդեցություն է ունեցել աղջկա վրա, նա սովորել է գրել, հաշվել ու հնչյուններ արտաբերել:

Սյուզաննայի մոր խոսքով՝ 8 տարի առաջ, երբ իրենք որոշել են  դստերը դպրոց ուղարկել, տեղյակ են եղել, որ աղջիկը նման առողջական վիճակով առանց գրանցման է հաճախելու, տնօրենի առաջարկած պայմաններին ծնողները համաձայնել են: Սակայն մեկ տարի առաջ, երբ Սյուզաննան սկսել է հաճախել Գյումրու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն, Գայանեն կենտրոնի մասնագետներից տեղեկացել է «Ներառական կրթության մասին» օրենքի  ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի մասին ու որոշել է պահանջել, որպեսզի դպրոցի տնօրենը կամ հրամանագրի, կամ էլ հատուկ մասնագետ բերի դպրոց՝ իր դստերն ուսուցանելու համար:

«Օրենքով իմ երեխան իրավունք ունի սովորելու հենց մեր գյուղում, թող մասնագետով ապահովեն, որը կզբաղվի իմ երեխայի գրաճանաչությամբ, նա ընդունակ երեխա է, նա հիմա էլ շատ բաներ է սովորել, այս կենտրոնն էլ օգնում է, ու մասնագետներն էլ կասեն, որ իմ երեխան սովորող երեխա է, թող  հրամանագրեն դպրոցում ու ներառական կրթությամբ ապահովեն, էսքան բան եմ ուզում»,- ասաց Սյուզաննայի մայրը:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մակար Մելքոնյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ Սիզավետում միայն մեկ սահմանափակ կարողություններով աշակերտի համար հնարավոր չէ ո՛չ դպրոց բացել ներառական կրթությամբ, ո՛չ էլ մասնագետի վերապատրաստել, ով բոլոր առարկաները կդասավանդի այդ երեխային։

Ըստ գլխավոր մասնագետի Սյուզաննայի ծնողներին դեռ տարիներ առաջ առաջարկվել է աղջկան տանել Երեւան՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց, սակայն ծնողները չեն համաձայնել՝ պատճառաբանելով, որ Սյուզաննան մենակ չի մնում: Մակար Մելքոնյանը նշեց, որ ծնողներն այսօր էլ կրթության վարչությունում դիմում են գրել՝  հրաժարվելով Սյուզաննային Երեւանի գիշերօթիկ դպրոց տանել: Ըստ պատասխանատուների՝ օրենքը թույլ չի տալիս սահմանափակ կարողություններով աղջկան հրամանագրել դպրոցում:

«Գրել կարդալ չգիտի, 16 տարեկանն էլ լրացել է, դպրոցում մնալու իմաստը ո՞րն է, իրան ավարտական վկայական չի տրվում, որովհետեւ ինքը պիտի քննություն հանձներ էդ դեպքում, որը նա չի կարող, ուստի օրենքը թույլ չի տալիս այս երեխային հրամանագրել»,- ասաց Մակար Մելքոնյանը:

Տպել
Ամենաշատ