News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը նյութական ծանր վիճակում է: Նախկինում ազատամարտիկի տարեց մայրը հողագործությամբ էր զբաղվում եւ պահում ընտանիքը, սակայն այժմ առողջական խնդիրների պատճառով Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին օգնող չկա: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը:

«Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին օգնելու համար ստեղծվել է հիմնադրամ, որին, օրինակ, մենք` ազատամարտիկներս, փոխանցել են 200 հազար դրամ: Սակայն քաղբանտարկյալը վեց երեխա ունի ու հիմա շատ ծանր վիճակում են ապրում եւ նրանց նյութական մեծ օգնություն է հարկավոր»,- ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանին եւ նրա ընտանիքին օգնելու համար ազատամարտիկները պատրաստ են ակցիաներ, բողոքի երթեր կազմակերպել` ճնշելու իշխանություններին, որպեսզի ազատ արձակեն պահեստազորի գնդապետին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ