Ճշտված տվյալներով, հարավկորեական «Սեւոլ» լաստանավի աղետի ենթարկվելու հետեւանքով անհետ կորածների թիվը 290-ի է հասել: Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ անհայտ է մնում լաստանավի ուղեւորներից 170-ի ճակատագիրը, մինչ 368 մարդու հնարավոր է եղել փրկել: Ընդհանուր հաշվով նավի վրա գտնվել է 477 մարդ: Նրանց մեծամասնությունը դպրոցականներ են եղել, որոնք «արձակուրդային ճամփորդության» էին մեկնում:
Այդուհանդերձ, ճշտված տեղեկություններով, փրկվել է ընդամենը մոտ 180 մարդ, որոնցից 27-ին տարբեր բարդության վնասվածքներով մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել: Իշխանությունները չեն բացառում, որ անհետ կորած համարվողների ցանկից մի քանի մարդու դեպքի վայրին մոտեցած ձկնորսական նավերն են փրկել, Reuters-ին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աղետի գոտում ներկայումս փրկարարական գործողություն է ընթանում, որին ներգրավված են երկրի ռազմածովային ուժերի եւ մերձափնյա պաշտպանության ինքնաթիռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ շուրջ 40 նավեր: Որոնողական գործողություններին մասնակցում են նաեւ զինվորական ջրասուզակներ: Դեպքին վայրին է մոտեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի մեկ դեսանտային նավ, որի վրա երկու ուղղաթիռ կա, հաղորդել է կառույցի` Հարավային Կորեայում տեղակայված հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ «Սեւոլ» լաստանավը ծանծաղուտի էր նստել եւ խորտակվել Կորեական թերակղզու հարավ-արեւմտյան ափերի մոտ: Նախնական վարկածով աղետի պատճառ կարող էր դառնալ ստորջրյա խութի կամ մեկ այլ նավի հետ բախումը:
«Սեւոլը» կառուցվել է 1994թ.: Այն կարող է միաժամանակ մինչեւ 920 մարդ, 180 ավտոմեքենա եւ 152 կոնտեյներ վերցնել: