News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն եւ Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները հյուրնկալելու եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձել է Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին եւ պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին:

Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցել են հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից եւ արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս եւ Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվել է Սեն-Տրոպեի բնակիչների եւ քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում տեղի է ունեցել նաեւ ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանի մենահամերգը:

Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի է ունեցել հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն է կարդացել հայկական խաչքարերի արվեստի մասին:

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում  կտեւի մինչեւ ապրիլի 26-ը:

Տպել
Ամենաշատ