News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին, կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել եւ ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարեւոր է մեր երկրի,  տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, եւ կարեւորելով այս ոլորտի ապագան եւ կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները եւ առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլեւ բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք եւ պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը եւ առաջարկությունները»:

Այնուհետեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության եւ ՏՏ ոլորտի միջեւ ծավալված համագործակցությունը եւ իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները եւ քննարկումները տարբեր ձեւաչափերով: Մասնավորապես նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:

ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով եւ անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ կարեւորել երկխոսության ձեւաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարեւորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:

Անդրադարձ է արվել նաեւ մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել այս հանդիպումները՝ համագործակցության եւ երկխոսության ճանապարհով  ցանկալի արդյունքների հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ