News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Հայացք հետեւից» ռադիոծրագրի վարող Քերրի Ֆիլիպսի հոդվածը, որը տպագրվել է Ավստրալիայի հանրային հեռարձակող «ABC» կորպորացիայի կայքում:

1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ 15 նոր պետություններ առաջացան: Վերջին ժամանակներս մենք շատ ենք լսում այդ 15 պետություններից մեկի՝ Ուկրաինայի մասին, սակայն Ուկրաինան 14 պետություններից միայն մեկն է (բացառությամբ Ռուսաստանի), որոնց նկատմամբ Մոսկվան տարբեր աստիճանի հետաքրքրություն է ցուցաբերում եւ ազդեցություն ունի:

Բալթյան երեք փոքրիկ պետությունները՝ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, ԽՍՀՄ մաս էին դարձել միայն 1940-ին, իսկ իրենց անկախության հռչակման պահից նրանք ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամներ: Այդ երկրներից հարավ, Ռուսաստանի եւ մնացած Եվրոպայի միջեւ գտնվում են Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան: Բելառուսը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ եւ տնտեսապես շահում է ռուսական էներգակիրների էժան ներմուծում ապահովելով: Մոլդովայի հարաբերությունները Ռուսաստանի հետ բարդանում են Մերձդնեստրի պատճառով, որն առանձնացել է Մոլդովայից: Այնտեղ բնակչությունը բաժանվում է երեք մասի՝ մոդավներ, ռուսներ եւ ուկրաինացիներ, որտեղ ռուսական զորքի առկայությունը Ռուսաստանին իրական իշխանություն են դարձնում:

Դեպի հարավ-արեւելք, ՌԴ սահմանի երկայնքով գտնվում է Հարավային Կովկասը՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ եւս 3 սառեցված հակամարտություն գոյություն ունի: Վրաստանի եւ Ռուսաստանի վեճը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում է, որը արդյունավետորեն լուծվեց 2008-ին կարճատեւ պատերազմով, եւ ռուսական զորքերը մնում են այդ տարածքներում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հին վեճ է Լեռնային Ղարաբաղի  շուրջ, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, որտեղ սակայն բնակչության 95 տոկոսը հայեր են:

Գոյություն ունեն զգալի ռուսական փոքրամասնություններ հյուսիսային Ղազախստանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի քաղաքային բնակավայրերում, որտեղ եղել է ռուսալեզու կրթված էլիտա:

Եւս մեկ բարդություն է այդ նորանկախ երկրներում ռուսական զինված ուժերի ներկայությունը: «Ղրիմում եղել եւ մեկը, եւ մյուսը»,-նշել է պրոֆեսոր Ալեքսանդր Քուլին: Նա հավելել է. «Ղրիմի հարցում հետեւանքների հետ կապված անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն ռուսալեզու բնակչության առկայությամբ, այլեւ ռուսական բազաների եւ օբյեկտների ֆիզիկական օգտագործման հնարավորությամբ»:

 «Փլուզում. Խորհրդային Միության ինքնիշխանությունն ու վերջը» գրքի հեղինակ Էդվարդ Ուոքերն ասում է, որ եթե ռուսական զորքերը մտնեն Արեւելյան Ուկրաինա, պարզ չէ, որն է լինելու նրանց ռազմական նպատակը եւ որքան հեռու նրանք կգնան: «Եթե դա տեղի ունենա, հնարավոր է, ռուսական զինվորական պլանավորողները որքան հնարավոր է շուտ իրենց բանակը կուղարկեն Ուկրաինայի հարավային եւ արեւելյան հատվածներ՝ Խարկովից մինչեւ Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլ»,-ասել է նա:

Սառը պատերազմի ավարտից հետո Արեւմուտքը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջոցով նախկին խորհրդային երկրների հետ համագործակցության ծրագրեր է ստեղծել: Դրանցից մեկը ԵՄ-ի «Արեւելյան գործընկերությունն» է: ՆԱՏՕ-ն նմանատիպ ծրագիր ունի, որը կոչվում է «Համագործակցություն հանուն խաղաղության», որն ուղղված է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի երկրների, այդ թվում նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով, որ այդ ծրագրերը ԵՄ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից են ներդրվել` հիշյալ նախկին խորհրդային հանրապետությունների հետ անմիջական փոխգործակցության նպատակով, Մոսկվայի արձագանքն, իհարկե, անիմաստ չի թվում` նրա կարծիքով Արեւմուտքն ուղղակի փորձում է իր ետնաբակ ներխուժել: «Չեմ կարծում, որ դա որպես միջամտություն դիտարկելը խելամիտ չէ` եթե աշխարհայացքիդ հիմքում զրոյական գումարով խաղերն են»,-ընդգծել է Կուլին: «Կարծում եմ` Պուտինի ամենամերկացնող ելույթներից մեկը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների առնչությամբ սկզբնական ճնշումների ժամանակ է եղել, երբ նա Մայդանի բողոքի ակցիաները գլխավորող եւ որքան գիտեմ` Լիտվայում թե Լեհաստանում ուսում ստացած ժողովրդավարական ակտիվիստներին երկրում գործող հատուկ նշանակության ուժերի հետ համեմատեց: Դա այն մասին է խոսում, որ Պուտինն այս «չափազանց լարված գեոպոլիտիկ`զրոյական արժեքով աշխարհում» ժողովրդավարական ակտիվիստներին, ՀԿ-ներին, Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաեւ ԵՄ հետ առեւտրային համաձայնագրերը որպես Արեւմուտքի ազդեցության գործիք է ընկալում: Ըստ այդմ, մեկի առաջընթացը մյուսի համար անպայմանորեն կորուստ է նշանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ