News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 48-ամյա բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Արտաշատի հիվանդանոցից:

Հիվանդանոցից հայտնեցին, որ վիրահատել են կնոջ ձեռքի ոսկորները, վիճակը լավ է, բժիշկները հույս ունեն, որ նա հետագայում կկարողանա ձեռքը շարժվել: Սիրանուշ Վարդանյանը հավանաբար մեկ շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պրերս արջը հարձակվել է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 48-ամյա բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի վրա: «Այդ կինը գնացել էր բանջար հավաքելու, արջը հարձակվել է նրա վրա, հրել է: Կինը ձեռքով դեմքը պահել է, արջը բերանը գցել է, ձեռքը ջարդել է, կողքերից էլ գցել է ատամները, էնտեղ լիքը մարդիկ կային, օգնության են հասել, ձայներ հանել, արջը փախել է»,- պատմել էր Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

Կինը տեղափոխվել էր սկզբից Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Արտաշատ, որտեղ նրան վիրահատել են եւ հույս ունեն, որ ձեռքը կկարողանա օգտագործել: Սիրանուշ Վարդանյանը ամուսնացած է, թոռներ ունի, տնային տնտեսությամբ է զբաղվում, միջադեպի ժամանակ ամուսինն էլ էր նրա կողքին:

Հուսիկ Սահակյանը տեղեկացրել է, որ այդ տարածքում միշտ էլ արջ լինում է, նախորդ տարի էլ հարձակվել էր մեկ այլ գյուղացու վրա, մշտապես հարձակվում է դաշտում գտնվող կենդանիների վրա, փչացնում բերքը: Գյուղապետը շեշտեց, որ իրենց համագյուղացիները ի թիվս բազմաթիվ հմտությունների նաեւ պետք է արջի հետ մենամարտել իմանան: 

Տպել
Ամենաշատ