News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը հերքում է իր օբյեկտում Մոսոյին սպանելու մասին լուրերը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Ես նման սեփականություն չունեմ, կարող եք նայել իմ կողմից ներկայացված հայտարարագրերում: Թեպետ ոչ մի հյուրանոցային համալիրի տեր երաշխիք չունի, որ իր համալիրի սենյակներում տեղի չեն ունենա տարաբնույթ դեպքեր եւ հանցագործություններ»:

Հարցին, թե ինչու է պատգամավորը խուսափում լրագրողների զանգերին պատասխանելուց, Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ երբեք չի խուսափում լրագրողներին պատասխանելուց: «Ես երբեք չեմ խուսափում լրագրողներին պատասխանելուց, միտքս ու խոսքս ունեն այն ճկունությունը, որ կարող եմ իմ տեսակին համապատասխան պատասխանել լրագրողի ամեն մի հարցին՝ թե պրովակացիոն, թե տարբեր ենթատեքստ պարունակող: Իսկ թե որ լրագրողը ինչ ենթադրություն է անում պատասխան չստանալու դեպքում, թող դա ինքը իր մեջ փնտրի»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ armlur.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ իր մեքենայով գնացել է ԱԺ պատգամավոր  Ռուբեն Գեւորգյանին (Ծաղիկ Ռուբո) պատկանող Զովունիում գտնվող սաունա:

«Դե ֆակտո պատգամավորին պատկանող այս օբյեկտի յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին մուտք՝ առանձին համարակալված դարպասով: Սրանք սարքված են այնպես, որ ելումուտ անողների «գաղտնիությունն» ապահովված լինի: Այսինքն` հստակ որեւէ մեկը չի կարող ասել, թե հեռակառավարվող դարպասներից ներս մտնող մեքենայից քանիսը ներս մտան, քանիսը` դուրս եկան: Սաունայի սեփականատիրոջ` Ռուբեն Գեւորգյանի մեկնաբանությունն ու պարզաբանումները դեպքի առթիվ  Armlur.am-ին պարզել չհաջողվեց, քանի որ պատգամավորն իր հեռախոսահամարը փոխանցել է վարորդին: Վերջինս էլ մեզ հայտնեց, որ առաջիկա 4 ժամվա ընթացքում չենք կարող խոսել իր «շեֆի» հետ եւ նրա մոտ ուրիշ հեռախոսահամար չկա: Այնուհետեւ արդեն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Ինչեւէ, ինչպես Armlur.am-ին հաջողվեց պարզել համալիրի մոտակայքում արված հարցուփորձից, Իսոն Մոսոյի հետ գնացել է սաունա, սակայն դուրս է եկել միայնակ: Նա, ըստ ամենայնի, սպանել է Մոսոյին, հետո փորձել լվանալ սաունայում մնացած արյան հետքերը, սակայն պատերը մաքրել չի հասցրել: Եվ ահա սաունայի պատերին արյան կետիկներ են մնացել, ու այդ հետքերով էլ իրավապահները լրջագույն եզրահանգումներ են արել»,- գրել է կայքը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:

Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը համոզված է, որ Մոսոն կենդանի է: «Ես համոզված եմ, որ Մովսես Ներսիսյանը կենդանի է, եթե դիակ չկա, անձը կենդանի է, այլ հարց է, եթե դիակը հայտնաբերվեր: Դրանից բացի՝ որեւէ ապացույց չկա, որը կփաստեր, որ Իսրայելը սպանել է Մովսեսին, չկա զենքը, իսկ արյան հետքերը ումը ասես կարող են լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր Գայանե Գալոյանը:

Տպել
Ամենաշատ