News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ավարտին  ազատամարտիկ Վարդան Սարգսյանը հարց ուղղեց դատավորին, որին դատավորը ուշադրություն չդարձրեց եւ առանց պատասխանելու հեռացավ։

«Կարելի՞ է նման զավակների եւ ծնողների երեսից երկրի բանակի որակը եւ վարկանիշը գցել, չկարողանան ծառայել ու էս մարդուն կրակը գցեն, գնան խնդրեն սենց արա, նենց արա։ Ուզելը մի այլ բան ա, տալ կամ չտալը մի այլ բան»,-դատավորին դիմեց վրդովված ազատամարտիկը։

Դատական նիստին ներկա մեկ այլ ազատամարտիկ ավելացրեց. «Էդ գործը որ ինձ ասեին ես հազար դոլարից պակաս չէի առնի, կեսն էլ ձեզ կտայի»։ ։

«Նրանք իրավունք չունեն հայ կոչվելու» եւ այլ արտահայտություններով վրդովված ազատամարտիկները հեռացան դատարանի դահլիճից։

Նշենք, որ այսօր դատական նիստի ընթացքում վկայություն տվեցին Ալբերտ Մաթոսյանը, որից ըստ մեղադրական եզրակացության գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 500 դոլար գումաչ էր պահանջել, նրա որդուն զորամասում որպես համակարգչային օպերատոր նշանակելու համար, այնուհետեւ նրա կնոջը՝ Անժելա Պողոսյանին, եւ դստերը՝ Անահիտ Մաթոսյանին։

Նշենք, որ այս միջադեպից հետո Ալբերտ Մաթոսյանի որդուն տեղափոխել են այլ զորամաս, որը ամուսինները բացատրում են նրանով, որ իրենց որդուն նկատել են, քանի որ նա շատ խելացի է։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։

Տպել
Ամենաշատ